Jump to content

Էջ:White Varsenik.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այդ երիտասարդը ընկերուհիիդ նշանա՞ծն է,— հարցուց Վահան։

— Այո՛...

Մեքենաբար ակնարկը բարձրացուց ու անգամ մը ևս դիտեց Ժանը։ Հագուստներու վայելչութենեն, շարժուձևերու հաճելի ազատութենեն ավելի՝ ի՛նչ որ զինքը կհրապուրեր, դեմքին նրբությունն էր, գծերուն անթերի գեղեցկությունը։ Խոշոր ու շատ կապույտ էին աչքերը ու հմայիչ շուք մը կձգեին դեմքին վրա։ Կեցած տեղեն կտեսներ անոր նրբին ժպիտը, գրեթե կանացի բերնին վրա ու հանցավոր դող մը կցնցեր մարմինը։ Բռնազբոսիկ Ժպտով մը ուզեց ծածկել հուզումը ու ամչցավ։ Առնակեն լսեց Ժանի ձայնը, որ անուշ էր ու Հելենինը, որ զվարթ հպարտությամբ մը կպատասխաներ։

Աճապարանքով մոտեցավ Հելենին ու հակառակ անոր պնդումներուն՝ ցտեսություն ըսավ։ Ու անգամ մը ևս սեղմեղ Ժանի այդ բարակ ձեռքը ու դեմքին վրա զգաց նո՛ւյն շատ կապույտ հայացքը։ Առանց ետ նայելու վերադարձավ ու վերըստին նո՛ւյն բռնազբոսիկ Ժպիտը ծլեցավ շրթներուն անկյունը։

— Մերոնք իրիկվան դեմ դուրս պիտի ելլեին,— ըսավ Վահան,— շիտակ ճամբուն վրա քիչ մը պտտինք նե՝ կհանդիպինք իրենց...

Դանդաղությամբ ելան պարտեզեն դուրս։ Վարսենիկ կքալեր մեջտեղեն, ջանալով ծածկել իր այդ անբացատրելի հուզումը ու ճիշտ այդ պատճառավ չհաջողելով։ Կվախնար, որ Երվանդ կնայի իրեն։ Ակնարկը բարձրացուց ու գողունի դիտեց զայն։ Նո՛ւյն բիրտ, տղան էր, նո՛ւյն զորեղ գյուղացին։ Գուցե քիչ մը ավելի լավ հագված էր այժմ, բայց քայլվածքն ու շարժումները կպահեին քաղքի բնիկ կոպտությունը։Քիչ մը նիհարած կթվեր, այտոսկրերը ավելի ցայտուն կթվեին ու դեմքին վրա կարծես անորոշ տրտմություն մը կար։ Դիտելով զայն հիշեց բազմաթիվ դեպքեր ու կրկին քաղաքը, ընդարձակ հեռանկարի մը պես բացվեցավ աչքերուն դիմաց։

Կարծես պաշտպանվելու համար, իր ներքին ալեկոծության, այդ հեղակարծ հուզումին դեմ՝ բնազդաբար մորաքրոջը տղուն Վահանի թևը մտավ, գուցե առաջին անգամ ըլլալով։ Իր ներքին փոթորիկը սակայն հետզհետե կսաստկանար, զա