քերուն վրա։ Մարմնին մեջ խուլ անհանգստություն մը, տարրինակ հուզում մը կար։ Բարակ դող մը կցնցեր ուսերը, միաժամանակ հաճույք ու անձկություն պատճառելով։ Կերևակայեր Հելենը Ժանի թևերուն մեջ, պարի ժամանակ ու սիրտը կսեղմվեր։ Կերևակայեր Հելենի խարտյաշ գլուխը, գրեթե Ժանի ուսին վրա ու Ժանի ճերմակ ձեռքը, նուրբ ձեռքը՝ Հելենի մեջքին վրա։
Հանրակառք մը հասակը ծռեց, կքեցավ ու կեցավ։ Բազմությունը խուժեց ներս ու վերստին հանրակառքը հասակը ծռեց, մեջքը շտկեց ու այս անգամ հառաջացավ։ Քովըն ի վեր Երվանդ լռությամբ կքալեր միշտ, գլուխը խրած ուսերուն մեջ, հայացքը գետին, դեմքը գոց։ Վստահ էր, որ պիտի բաժնվեր առանց խոսք մը ուղղելու իրեն։ Քովընտի ակնարկով մը անգամ մը ևս դիտեց զայն։ Կանաչ աչքերը ավելի քան անախորժ էին ու վերի շրթունքը միշտ կմխրճեր վարինին մեջ։ Հանկարծ վախցավ, որ այդ կանաչ աչքերը կլուսավորեն ու կնային իրեն։ Դեմքը դարձուց ու մարմինը հանցավոր հաճույքով մը հիշեց Ժանի անուշ ձայնը։ Ամչցավ ու դողաց։ Ու դողալով հիշեց Ժանի նուրբ ձեռքը, որ գուցե Հելենի վարսերը կշոյեր, այդ ժամուն։
Հապճեպով տան ներսի մոլոշագույն շրջազգեստը հագավ, մազերր շտկեց ու գնաց խոհանոց։ Մորաքույրը ձուկ կտապկեր։ Զարուհի աղցան կպատրաստեր։ Նրբանցքեն կլսվեր Վահանի ձայնը։ Հետո մորքեռայրը խնդաց ու այդ խնդուքին հետ խոհանոց մտավ, քիչ մը վարանելեն, Երվանդի ձայնը։ Ակնարկը շուրջ-բոլորտիքը՝ ընելիք գործ մը կփնտրեր, երբ մորաքույրը գլուխը դարձուց ու ըսավ։
— Վա՛րսենիկ, սեղանը շտկե, աղջի՛կս...
Պատեն կրծկալ մր վերցուց ու հագավ։ Աղանդերի պնակներն ու սեղանի մանր սպասարկության հատուկ առարկաները իջեցուց։
—Հիչ չէ փոխվեր,— ըսավ մորաքույրը,— ութը տարի կընե՝ չէի տեսած, թամ Սահակ աղային տղան է։Քսանութը տարու մը ըլլալու է•••
— Գալեն ի վեր քըսանութը բառ չըսավ,— հարեց Զարուհի, — կարծես թե բերանը կարած են...
Իսկ ինք անբուժելիորեն կմտածեր ժանի և Հելենի վրա,