նած ըլլալու՝ Պոլսեն դաշնակ մը ապսպրած էր։ Հորը այդ ուշադրությունը լալու չափ հուզեց զինքը։ Երբ ամե՛ն ինչ կարգի դրավ, պարտեզին վրա նայող այդ սենյակը իրապես տան ամենեն սիրուն վայրը դարձավ։ Երեկոները, հորը տուն գալեն առաջ, կնստեր աթոռակին վրա ու ժամերով ստեղանիներուն վրա կխաղար, վերհիշելով Պոլիսն ու մորաքրոջը տունը անցուցած քաղցր, անվերադարձ ժամերը, Հելենն ու անոր զվարթ երիտասարդությունը ու այդ լըվանթեն տղան՝ Ժանր։ Այս վերջին հիշատակը միշտ սուր խղճի խայթ մը կպատճառեր իրեն ու տաժանելի հաճույք մը, որ Ժանի կապույտ հայացքեն կուգար։
Երազի պես սահած գացած էր տարին։ Սահած գացած՝ էին նաև դպրոցական խաղերն ու պզտիկ հաճույքները, աղջիկներուն շեն աղմուկին հետ՝ գիշերօթիկ կյանքի չնչին դժվարությունները։ Կարգապահությունը, որուն վարժված էր. օրվան բնական զբաղումները, որոնց մեքենական հաջորդությունը ձանձրանալու ժամանակ չէր ձգեր, լարված ու ճշդորոշված կյանքը, այժմ գրեթե սիրելի կթվեին իրեն: Գիշերը կվերջանար առտվան զանգակին հետ և ո՛չ թե առաջ կամ հետո։ Ու զանգակին հետ կհնչեր նաև օր. Սարգիսյանի ձայնը դժվար ու միաժամանակ հաճելի էր լույսի ծագումեն առաջ արթննալ սկսելու համար օրվան աշխատանքին։ Մարմնին մեջ զվարթ ու առողջ խաղաղությամբ մը կբանար տետրակները ու արևին ճառագայթները իր գլուխը կգտնեին հակած գրասեղանին վրա։ Մինչդեռ հոս մայրը կձգեր, որ քունը առնե։ Երբեմն արևը բավական բարձրացած կըլլար, երբ կարթննար ու միշտ քիչ մը հանցավոր կզգար ինքզինքը։
Հակառակ մորը բողոքներուն ու քիչ մը խաբելու համար իր անհանգիստ հոգին, ոգի ի բռին սկսավ տան գործերով պարապիլ։ Արագությամբ մայրը ազատեց կարգ մը պարտական ու թեններե, մանավանդ առավոտը մութնուլուսուն արթննալու հոգեն։ Դպրոցը ստացած վարժության շնորհիվ հավախոսին կարթննար, թեթև մը կավլեր ճաշասրահը, նախաճաշի սեղանը կհարդարեր, կաթը կտաքցներ ու սուրճ կպատրաստեր հորը համար։ Հազիվ արդուզարդը ըրած՝ հայրը կելլեր անկողնեն։ Վարեն կլսեր անոր հազին ձայնը ու քիչ հետո սանդուխներուն վրա քայլերուն աղմուկը։ Շուտով մայրը ևս