Էջ:White Varsenik.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարմինը կես - գինովության, արբշռանքի մեջ էր, եթե չամչնար ինք ևս շրջազգեստը պիտի հաներ ու մերկ ծունկերովդ խաղող թնդեր։

Ի՜նչ հորդագեղ, շռայլ, լի էր հետմիջօրեն։ Ողջ տունը աննկարագրելի եռուզեռի մը մեջ էր։ Պարտեզին կեդրոնը՝ հսկա կաթսաներու մեջ թարմ քաղցուն առատ կրակի մը վրա եփ կուգար։ Ու թռչունները կարծես զգալով տան շենությունը մեծ խումբերով թափած էին ծառերուն վրա ու հակառակ տոթ օրվան կգեղգեղեին։ Մոտալուտ աշունը քաղցր դեղինով մը օծած էր արդեն ծառերու կատարները։ Պարտեզը կհևար ամրան իր ամբողջ հոգնութենեն։ Աներես ճնճղուկ մը իր մինինիկ տոտիկներով ման կուգար, հորին քարե գուռին եզերքը։ Ի դեպ ինչո՞ւ համար փորած էին այդ հորը, քանի որ տան դրսի պատին վրա՝ աղբյուրը օրն ի բուն, գիշերն ի բուն ուրախ խոխոջյուններով կկարկաչեր։ Երևի դեռ աղբյուրին շինութենեն առաջ էր, հիսուն տարի մը առաջ, երբ քաղքին մեջ մաքուր հայերեն ըսելութ գրաբար կհասկնային։

— Աննի՛կ հանըմ, ա՛լ էկո սա մեր նոր տունը նայե տեսնինք,— ըսավ Աղսաբեթ հանըմ,— ամա՜ն հելլաք էղա ալ, ի՜նչ է նե՝ խալսեցանք։ Ծերացած իմ ալ։ Աննի՛կ հանըմ, ծնկվըներուս մեջ ուջ չկա...

— Էս գիտես քի կենճ իմ,— ըսավ մայրը,— իթեք հատ ալ էս մեծցուցի, Աղսաբեթ հանըմ, ամա պզտիկին ձեռքեն քաշածս՝ մեյ մը վերը երկնավորը գիտե, մեյ մըն ալ ես։ Արշըն մը լեզու ունի խայըրսըզը: Անանկ ճուղապներ կուտա քի՝ դիմացինը սերսեմլեմիշ կըլլա։ Ամա զավակ է, ճիյերեգ՝ ճիյեր է, ոսկորեդ՝ ոսկոր...

— Փեք խելոք տղաքն ալ սեսեմ կըլլան։ Հիչ ալ մի՝ գանգատիլ, թոփուզի պես տղա է, տեսա իշտե, հում-հում ուտելդ կուգա, աչքերեն կրակ կցատկեր կո...

Տատանելեն ուղղվեցան դեպի նորաշեն տունը ու ինք առաջին անգամ ըլլլալով մտածեց, թե այդ տունը գուցե շինած էին Երվանդի ամուսնությունը նկատի առնելով։ Սահակ աղայի մյուս երկու տղաքը ամուսնացած ու տեղավորված էին։ Բացի այդ՝ գլխավոր շենքին վրա հարկ մը ևս բարձրացուցած էին ու իրապես այդ քարաշեն շենքը տուն չէր, այլ ապարանք էր։ Ի՞նչ պետք ունեին այս երկհարկանի սիրուն