տան։ Ածուի մը եզերքը կեցավ ու եռագույն մանիշակ մը փրցուց։ Ու ամիսներե ի վեր մարմնին մեջ տեղավորած այդ անձկությունը վերստին արթնցավ։ Փողոցեն կլսվեր Առսըզ Մարիձայի շաղակրատ ու անուշ ձայնը։ Միջատ մը ցատկեց ու թառեցավ թուփի մը վրա։ Ի՜նչ աղու ու հաճելի էր ետմիջօրեի արևը։
Երկրորդ հարկեն մայրը պատուհանը բացավ ու կանչեց զինքը։ Ախտավոր հետաքրքրություն մը ուներ ու այսուհանդերձ չէր ուզեր երթալ։ Հստակորեն կզգար, որ գրեթե պաշտոնական այցելություն մըն է ատիկա, իր ապագա կեսուրը կուզեր իրեն ցուլց տալ իր ապագա բույնը։ Եթե մերժեմ, մտածեց, համենայն դեպս ո՛չ հայրս, ո՛չ մայրս չեն կրնար ստիպել, որ բռնի ամուսնանամ։ Խուլ զայրույթ մը կծեծեր կուրծքը ու միաժամանակ նույն հանցավոր հաճույքը կզգար մարմնին մեջ։ Ինչո՞ւ չէին համարձակեր բացահայտորեն խոսիլ իրեն։ Եթե բան մը ըսեին՝ գեթ կրնար պատասխան մը տալ, ընդդիմանալ։ Բայց սարսափելի լռություն մը միայն կշրջապատեր զինքը, մինչդեռ ձեռքի տակե գուցե նշանտուքը կկազմակեբպեին։
Մտախոհ ավազածածկ արահետեն գնաց այդ երկհարկանի տան դրան առջև։ Ու ամեն ինչ հաճելի ու սիրուն թվեցավ իրեն։ Քարե քանի մը աստիճաններ կային՝ դրան հասնելն առաջ, երկու կողմը ծաղկի թաղարներ։ Դուռը ծածկված էր ապակյա սիրուն արևարգելով մր։ Վազելեն սանդուխները բարձրացավ ու ինքզինքը գտավ լուսավոր, պայծառ սենյակի մը մեջ։ Կարծես թե Պոլիս կգտնվեր։ Ամե՛ն ինչ նուրբ էր ու ճաշակավոր։ Ծանրագին դիպակե վարագույրներ կային ու տախտակամածը ծածկված էր պարսկական սքանչելի գորգով մը։ Հմայված մոտեցավ պատուհանին ու դիտեց հեռանկարը: Վարը դրացի տան պարտեզն էր ու անդին արձակ հրապարակը։ Աջ կողմը՝ հեռուն, տուներեն անդին կերևար մերձակա դաշտերու ոսկեզօծ տարածությունը։ Իրեն թվեցավ, թե կտեսնե Սահակ աղայի շատ հեռուն։ Գլուխը դարձուց ու հակառակ աչք շլացնող արևին՝ տեսավ վարի թաղին եկեղեցիին գմբեթը, զանգակատունը, որուն շուրջը կարծես ճերմակ աղավնիներ կային։
— Գի՛տես յա, Աննի՛կ հանըմ, Ստամպոլեն գալեն պերի