Jump to content

Էջ:White Varsenik.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կզգար այդ խորունկ սերը, մարմինը հեռուեն կզգար անոր մեծ ու անդիմադրելի տենչանքը։ Այն դաշնակի միջադեպեն հետո, դեռ անկե առաջ, անոր եղբորը հարսնիքին գիշերը՝ կրնա՞ր միթե չզգալ այդ ակնարկին ամբողջ ուժգնությունը, աչքերուն խորը այդ ներքին մեծ ալեկոծությունը։ Ասոնք երեվույթներ են, որ բառերով չեն ըսվիր, չեն նկարագրվիր։ Ուժգին, հմայիչ գեղեցկությամբ մը տեղի կունենան ու անջնջելի զգայական հիշողություն մը կձգեն։ Գեղեցիկ ու թրթռուն բառերուն գոյութենեն առաջ երբեք տղու մը դեմքին վրա այդ զմայլելի լույսը չէ ցոլացա՞ծ միթե։ Գարնան լուսեղեն յալ գիշերներուն, հողին բեղուն ակունքներեն, ավիշը կբարձրանա: Բայց կբարձրանա ուղեշ ուղեշ, վայրկյան առ վայրկյան ու ծաղիկը ներքին անզգալի ծլարձակումով մը գույն առ գույն կբացվի, զվարթությամբ կհասուննա ու առտուն իր քաղցր, աննման, անփոխարինելի պսակը կերկարե առաջին ճառագայթին։ Եթե հոգվույդ խորը, այդ հրաշալի գործողության հայտնատեսությունը չունենաս, եթե մարմնույդ խորունկներեն բնական ու թաքուն կարողություններ զայն զորությամբ չզգան, ո՛վ ընթերցող, այս չնչին բառերս կրնա՞ն հաջողիլ միթե արարչության ապշեցուցիչ խորհուրդին առջև քեզ զմայլահար ձգել։ Տարիներով սերը պիտի պատմեմ ու բառերուն քմահաճ ստեղանիներուն վրա մատներս պիտի մաշեմ, բառերուն ստեղանիներուն վրա՝ կատաղութենես ի վերջո պիտի արյունեմ ղանոնք, անկողնիս վրա ընկած՝ դեռ երիտասարդ մարդու ահարկու ցավով մը ընդերքներ ես պիտի արտասվեմ ու չպիտի կրնամ քեզի ըսել՝ թե իրիկվան արևին մեջ ի՜նչ անդրերկրային ու քաղցր ցոլացում մը ուներ Վարսենիկի դեմքը, երբ մորը հետ տուն կվերադառնար։ Երեկոյան լույսն էր լոկ, որ կխաղար երիտասարդ աղջկան մը դեմքին վրա և ուրիշ ոչինչ։ Բայց երբ Կյավուր Տերեսիի ծառերուն տակեն կանցներ, թեթևորեն ցնցելով իր աղվոր իրանը, անգիտակցաբար հայտնելով մարմնին մերկ ու մոգիչ գեղեցկությունը, ամեն պզտիկ շարժումի հետ տարտղնելով իր վրան օրհնությամբ ինկած լույսի բեկորները, հավիտենական սիրո տվայտանքը կրնա՞ր միթե չծնիլ իր շուրջը։

Երվանղ սարսափելի տառապանքով մը տեսավ զայն ու սիրո անողոք սլաքը անգամ մը ևս կուրծքը ծակեց։ Կանց-