Jump to content

Էջ:White Varsenik.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նոնք, մինչ ինք կաշխատեր չճմլված ծաղիկներեն փունջ մը կապել.

— Վարսենի՛կ, ե՞րբ Պոլիս պիտի երթաս...

— Սեպտեմբերի վերջերը, եթե մայրիկս թող տա... Ափերուն մեջ ծաղիկները կխնդային՝ վառ, խատուտիկ գույներով։ Ճարտարությամբ կհարդարեր զանոնք, ուշադրություն դարձնելով երանգներու ներդաշնակության, մերթ հոտոտելով, գրեթե գգվելով անոնց տաք պսակները:

— Ամե՛ն անգամ, որ հայրիկս ճամբորդության խոսքը կընե՝ մայրիկս կնեղանա, անցյալ օր նույնիսկ լացավ։ «Մանչըդ երբոր մեծնա, ինչ կուզես ըրե, բայց աղջիկս ձգե ինծի, պե մարդ, ինչ կըսեմ մտիկ ըրե, աղջիկ-զավակը շատ ուսման պետք չունի»։ Հայրիկս ալ բարկացավ ու սրճարան գնաց... — Մաի՛կ ըրե, Վարսենի՛կ, ես քու տեղդ ըլլամ չեմ երթար...

Աղմկելով բարձրացան ու խումբով սկսան հառաջանալ։ Երեկոն ավելի քան օծուն էր քաղցրությամբ։ Ծիծեռնակներու երամ մը բարձրեն դանդաղորեն կհոսեր։ Կանցնեին դաշտային ճամբե մը, թև թևի տված ու լեցնելով շրջապատը իրենց աղմուկով։ Աջ ու ձախ՝ գարիի, ցորենի ու հաճարի արտեր էին։ Հովը սուրալով կանցներ ծփանքներ ու ալիքներ առաջացնելով։ Մերթ ընդ մերթ արտերու մութ կանաչ խորքեն կբարձրանար ծառի մը աղվոր հասակը։ Խորունկեն կլսվեին ձիեր ու խրխինջներ ու գյուղացիներու ձայներ արտե արտ կհետապնդեին իրար։ Հետո մեկեն քաղաքին եզերական փողոցները երևացին, անձրևեն ու արևեն սևցած կղմինդրե կտուրներով տուներ կհրեին իրար, կդիզվեին իրարու վրա։ Կանաչ ու գորշ մարախներ անձայն կցատկեին իրենց ոտքերուն տակ։ Գույնզգույն թիթեռնիկներ, ետմիջօրեի տապեն գինով, հուլորեն կսահեին ծղուտե ծղոտ:Մեծ ու փոքր միջատներ, դաշտի կանաչ ճանճեր, մեղուներ ու իշամեղուներ կբզզային: Ողջ բնությունը կհևար ծաղիկներու և բուսականության բույրերով ու խուլ, անորոշ շշուկներով։ Ճամբու մը դարձվածքին վրա՝ մեկեն արևը դիմավորեց ու ողողեց զիրենք։ Իրենց ամբողջ ծլարձակ ու շեն մարմիններովը կնդունեին զայն ու անոր ցվարթ ջերմությունն ու խարտյաշ