Jump to content

Էջ:White Varsenik.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ղեցկությունը անիրական լույսով մը կօծեր իրենց նորափթիթ երիտասարդությունը։ Կքալեին թևանցուկ, սեղմված իրարու, իրենց կուրծքերը ցցած ու արևը կոռոգեր իրենց դեմքերը, կխաղար իրենց վարսերուն շուրջ։ Հետո իրենցմե մեկը արծաթահունչ ձայնով մը երգ մը սկսավ երգել ու մյուս չորսը անմիջապես ձայնպկցեցան։ Դպրոցական հին երգ մըն էր ատիկա, մանկական միամիտ եղանակ մը։

Մայրի՛կ, նայե որքան սիրուն են այս ծաղիկները,
Կարմիր, կապույտ և ոսկեգույն
Դաշտն է լեփ-լեցուն:
Ի՜նչ ալ անուշ հոտ ունին, մա՛յր, կսիրեմ ես զանոնք,
Մին է զմրուխտ, մյուսը գոհար, երրորդը վարդ...

Ու բուրավետ, թրթռուն միջոցին մեջ եղանակը ծավալեցավ քաղցր հնչյուններով, զվարթ գանգյուններով։ Կարծես պատասխան մը ըլլար բնության ընդհանրական ուրախության։ Հովը կտարտղներ զայն, կտոր-կտոր կնետեր հեռուն, ճամբաներուն վրա և արտերուն մեջ։

Մա՛յր, ո՜վ արդյոք զանոնք զանեց, ծաղկեցուց այդպես.
— Աստված, տղաս, այն որ տվավ մեզ բարիք անբավ:

Արևին մեջ կվառեր տերմենին հսկա քարե շենքը ու անիվներուն, մեքենաներուն աղմուկը աղոտորեն կհասներ իրենց։ Արդեն դաշտային լայն ու փոշոտ ճամբու մը վրա էին, հազիվ քաղաքեն տասը վայրկյան հեռու։ Կուզեին այլևս լռել, քանի որ մեծ աղջիկներ էին ալ, նորազարթ իգությամբ ու բարքերը խիստ էին, աններող էին քաղաքին մեջ բայց երիտասարդությունը կխնդար իրենց երեսին, երեկոյան արևին ջերմ գինին կգինովցներ զիրենք ու թեթև հով մը գրկած կտաներ իրենց ազատ մարմինները։

Հանկարծ կողմնակի ճամբե մը երեք փողոցի տղաք երեվացին,— Գող-Տոնիկ ու իր երելու ընկերները։ Գող-Տոնիկ բարձրահասակ ու բիրտ տղա մըն էր։ Երիտասարդ հույն աղջիկներուն սարսափը։ Քիչ մը շիլ էր, բայց առողջ, զորավոր դեմք մը ուներ։ Տաբատին վրայեն կապած էր լայն կարմիր գոտի մը, թիկնոցը ձախ ուսին նետած ու ֆեսը ծռած: Առանց օձիքի և փողկապի շապիկ մը ուներ, որուն երկու ծայրերը վիզին վրա ներս դարձված էին։ Վարի շրթունքին