Jump to content

Էջ:White Varsenik.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կվազեր իր կրքին, այդ անզսպելի զայրույթին հետ ու հիշատակները կմտրակեին, կծեծեին մարմինը։ Կյավուր Տերեսիի աղբյուրը բարձրաձայն կկարկաչեր ու մեխանեճի Հակոբի սրճարանին առջև քանի մը վալկատուն հավեր կկտկտային։ Ան՛ցորդ մը ապշահար կեցավ՝ տեսնելով իր գունատ դեմքը։ Ճեվելեկին լակոտը բաճկոնեն քաշեց ու քանի մը բառեր մռլտաց, որ ինք լավ չլսեց։ Սրճարանին դուռը բաց էր։ Ցուրտ զայրույթով մը մտավ ներս ու դրան բերանը կեցավ։ Աղմուկը մեկեն գոցեց թևերը, մեյսանենի Հակոբ զգալով մոտալուտ փոթորիկը՝ դոզալով մոտեցավ, թաց ձեռքերը սրբելով կապույտ գոգնոցին վրա։ Իր ապշահար հայացքով կնայեր Գող-Տոնիկի ու կուզեր բան մը հասկցնել։ Իսկ ինք կզգար, որ ընդունակ է սարսափելի, աննախընթաց արարքներու։ Քիչ մնաց, որ քայլերուն վրա ետ դառնա՝ մտածելով իր ընկերային դիրքին, իր արարքին հետևանքներուն, վաղը տարածվելիք հավանական տարաձայնությանց վրա։ Բայց զայրույթը մարմինը կխարազաներ։ Կնմաներ երիտասարդ նժույգի մը, որ մտրակի հարվածներուն տակ ահարկու արագությամբ մը զառիվար կիջնե։ Քրտինքի կայլակ մը կար քունքին վրա, որ մազերին տակեն, նեղացուցիչ դանդաղությամբ մը կգլորեր։

— Ծե՛ գող, անոթի փուշտ,— ըսավ պաղ, սպիտակ ձայնով մը, ակնարկը մխրճելով Գող-Տոնիկի աչքերուն մեջ,— հոս Է կո նայիմ, սանկ էռջիս էկո՛ նայիմ...

Գուցե ձայնին անդիմադրելի հեղինակությունն էր պատսառը, դեմքին արտասովոր գունատությունը, գուցե դիրքն էր ու անցյալը, որ կստեղծեին այդ ծանր, անշնչելի մթնոլորտը։ Դրսեն կլսվեր աղբյուրին ուրախ կարկաչյունը ու հանկարծ աքաղաղ մը խոսեցավ, բարձր նոթով մը պատռեց լռությունը։ Գող-Տոնիկ տատանելեն բարձրացավ, գինովի ու ստոր սրիկայի աչքերուն մեջ վախի րոպեական նշուլումին հաջրդեց փողոցային լիրբ գեշ ժպիտ մը։ Ձեռքը դրավ մարմարե սեղանին ու մռլտաց.

— Ուշախդ չիմ, ըսելիք մը ունես նե՝ ըսե՛, մտիկ կանիս կո...

Շիլ, խորամանկ գազանի հայացքը բարձրացուց, բայց րոպեաբար պահեց զայն։ Դեմքին վրա, բերնին շուրջ՝ վերստին վախի նո՛ւյն ծամածռությունը կազմվեցավ։