Էջ:White Varsenik.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Պե՛, աղբա՛ր,— մռլտաց մութ աղաղակով մը,— բան մըն էր ըսինք գնաց...

— Լոս է կո, կըսիմ կո քեզի,— պատասխանեց նո՛ւյն պաղ, նո՛ւյն սպիտակ ձայնով։

Գող-Տոնիկ հազիվ թե քայլ մը նետած էր, երբ ահարկու կատաղությամբ մը նետվեցավ վրան, ձախ ձեռքով փակավ կոկորդին ու աջ բռունցքով սարսափելի հարված մը իջեցուց քթին բերնին։ Արյունը սկսավ առատությամբ հոսիլ։ Ու սերեն բռնեց ու նետեց գետին ու ոտքով վայրագությամբ կոխկրտեց անոր արյունոտ դեմքը։ Դոզալով, գունատ, ցնցվելով հուզումեն՝ սրճարանին մեջտեղը կեցավ ու բոլորակի ակնարկ մը նետեց ներկաներուն վրա։ Կարծես իրեն հակառակորդ մը, ավելի կտրիճ մեկը կփնտրեր չափվելու համար։ Ու քրտինքի նո՛ւյն ցուրտ կայլակը անտանելի դանդաղությամբ մը չէր ուզեր գլորիլ քունքն ի վար։ Վերստին ուսերեն բռնեց, բարձրացուց ու գլխուն ուժգին բռունցքի հարվածներ տեղացուց։ Գող-Տոնիկի բերանը պատռեցավ ու ճակտին ստացած հարվածե մը տապալեցավ գետին՝ խուլ աղաղակ մը արձակելով։ Մարմնին ամբողջ խորունկ զայրույթովը ծռեցավ վրան ու հայհոյական բառեր արտասանեց, որ իր ականջներուն իսկ անախորժ կհնչեին։ Գող-Տոնիկ գերագույն ճիգով մը նստավ, վիրավոր անասունի մթին ճիչեր արձակեց ու հեղակարծ քաջությամբ մը գոտիեն դաշույնը քաշեց ու փորձեց իր զիստը վիրավորել։ Քայլ մը ետ քաշվելով հանդերձ՝ բիրտ ճկունությամբ մը անոր բազուկը բռնեց ու ահարկու ուժով մը պլորեց զալն։ Ոտքը դրավ փորին ու անգթությամբ դարձուց զայն, մինչև որ Գող-Տոնիկ ահռելի աղաղակ մը արձակեց ու դաշույնը ձգեց գետին։ Մեռելի մը պես վերստին ինկավ չիմենթոյե հատակին վրա ու սկսավ ոռնալ։

— Շո՛ւն,— կըսեր ակռաներուն մեջեն, նույն պաղ ձայնովը,— բո՛զի բերած, կօգտե իշ խըտար քի խալխի գլխուն փորձանք դարձաք։ Մարերնիդ կը....., գի՛տցած ըլլաք։ Ասկե էտքը խելոք պըտը կենաք, չէ նե հաշիվնիդ էս պըտը մաքրիմ։ Սա Փուշտան նայեցեք հելե, ծե՛ք...ծ, դուն ի՛նչ պ...ի ոջիլ, ես քի, ի՛նչ մյուսյուպեթ ես քի՝ անունս բերանդ կառնես, քե՛նեֆ... Գլուխդ տինն պահել կուզես նե՝ վաղվընե թե-