Jump to content

Էջ:White Varsenik.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետին թաքստոցներում մեջ։ Արևելքի ճամբաներուն վրա, երբ անոթության հետ օրն ի բուն կռվելով կհառաջանար, հովը կլվար դեմքը, արևը կհրկիզեր իր շեն մարմինը և ուր որ ալ ըլլար կտեսներ հեռուեն՝ վերադարձի շքեղ աստղը։ Այժմ եթե աչքերը մոռնային վայրկյան մը իր քրոջը ալեկոծ գանգուրները, գլուխը կհիշեր մորը անուշ ձեռքերուն գուրգուրանքը, իր ապստամբ մազերուն վրա։ Եթե ականջները մոռնային վայրկյան մը հորը խիստ ձայնը, որ ձմրան առավոտները, հակառակ իր վերապահ ու չոր շեշտին, իր գոռ բարկությամբ կտաքցներ կարծես այդ հնօրյա տունը՝ ձեռքերը կհիշեին բոլոր բարի բաները, որ կային տան մեջ, մորը ծունկերն ու հանգստավետ բազմոց մը, հաստակազմ գրքերը, որոնց երկյուղած հարգանքեն երբեք պիտի չազատեր իր հոգին, սալորենիին բունը՝ որուն կպլլվեր խոլ սիրեկանի մը պես, պարտեզին բոլոր քարերը, որ մեկ առ մեկ կրնար հիշել, երկու հորերն ու դույլերը, հորը աշխույժ զամբիկն ու եզները, որոնց արձակած տաք շոքին կարծես կհպեր դեմքին։ Անցյալը ամեն վայրկյան կկոտտար հին վերքին մը պես, իր բոլոր ձգաններուն մեջ։ Ու հակառակ իր պատճառած վերքերուն՝ ներսեն կլուսավորեր զինքը։

Ոչինչ ընդառաջ կուգար իր պատանության՝ իր գարնանային երազներուն թեթև աճապարանքով։ Շուրջը ամեն ինչ ծանր կթվեր ու դանդաղաշարժ։ Վայրկյաններ կային, երբ խորին տրտմությամբ մը, կավաղեր արաբական տաք ճամբաները, ուր ամեն անկյունադարձի, մարդ կհանդիպեր, երկրին բերրի արդարության։ Գյուղին դեռ չմոտեցած՝ ձիերու զվարթ վրնջյունը կբախեր դեմքիդ, ցնցելով քեզ, վրադ ձգելով տոթ հողերու արու ծիծաղը, անապատային թեթև կապայի մը պես։ Տաք դեմքով լակոտ մը կսուլեր սիրո անըմբռնելիորեն տրտում երգը, որուն անարվեստ նիշերուն միջեն, եթե սակավիկ սը ականջդ լարեիր՝ կրնայիր լսել հավերժական Տիրոջը այգիներում գովքն ու Երգ Երգոցի Սուլամիթին սրտակեղեք գանգատը։ Որևէ գյուղ կրնայիր մտնել, կարծես թե Տիրոջը տունը ըլլար։ Կբավեր որ բազուկներդ արդար ու զորեղ ըլլային, կբավեր որ պատրաստ ըլլայիր՝ ոչխարի համեղ միսն ու տաք ձավարը, որ առատությամբ կդնեին սփռոցին վրա, շվաքին մեջ, արությամբ շահիլ, մասնակցելով աշխա-