տանքի ընդհանուր կշռույթին։ Կընդունեին քեզ, ինչպես գրքերուն մեջ դրված է թե, օտար ափերու վրա կարոտե հյուծախտավոր եղող հայեր, Պեսարապիո, Թրանսիլվանիո կամ Պոլքովինայի մեջ, կաթողիկոսական նվիրակները կընդունեին, բանալով իրենց բոլոր դռները։ Կրնա՞ր միթե գիտնալ, այդ տարիքին, թե ամեն կլիմայի տակ մարդ կընդունվի համաձայն իր գեղեցկության, զորության ու երիտասարդության։ Ինչ որ կհիշեր արաբական ու քրդական գյուղերու ամրան տոթ գիշերամուտներն էին։ Գլուխդ կդարձնեիր և աջեն, բարակ արահետե մը, հավիտենությունը քայլ առ քայլ հաշվելով ու իրենց դարավոր համբերությունը որոճալով կքալեին ուղտերը։ Լակոտ մը կսուլեր՝ անոնց կշտեն, տաք, անուշ սույլով մը։ Գլուխդ կդարձնեիր և ձախեն՝ որաներով բեռնավոր կառքեր խուլ ճռնչյուններով կհառաջանային։ Հետո կսկսեր ոչխարներու զվարթ հոսանքը։ Գավակ գավակի ճամբան լեցնելով ու պզտիկ տոտիկներով կուգային, լեցուն ծիծերով ու իրենց բարակուկ սրունքներուն վրա մարդ կզարմանար, թե ինչպե՞ս կկրեին, այդպես զվարթությամբ, իրենց բերրի որովայներն ու խոշոր ստինքները։ Կին մը կերթար հորեն ջուր քաշելու՝ հնչեցնելով ճակտին ու կուրծքին ոսկորները և ինչ որ կնշմարեիր՝ իր հարուստ թիկունքներն էին ու թուխ ոլոքները։ Հետո լուսնկան կելլեր, խորին վեհափառությամբ մը ու դուն, որովայնդ գիշերվան հովին, կննջեիր, աստղերուն բեկորներ աչքերուդ խորը։
Անունդ գիտեին կամ չէին գիտեր, ո՞ւրկե կուգայիր, ո՞վ էիր, պետք ունեի՞ն միթե այդ բոլորին, գիտնալու համար, թե աշխատանքը հաճո էր պատանեությանդ ու աչքերուդ խորը կյանքին քաղցրությունը կար, ընթրիքեն հետո լուսնկան կօծեր երկիրը ու վայրի երգեր կպոռթկային թեղերու կշտեն։ Հոգերնին չէր, եթե դուն կիսաձայն, հակառակ անմեղ տարիքիդ, բանաստեղծության մը փշուրներ կմրմնջեիր։ Հոգերնին չէր՝ թե դուն, այդքան պատանի, կրնայիր դոց արտասանել Հայոց Առաքելական մայր եկեղեցիին եպիսկոպոսապետին, պատրիարքներուն, եպիսկոպոսներուն և վարդապետներուն անունները, նվիրապետական կարգավ։ Կյանքը պարզ էր՝ ինչպես իրենց արդար յուղը։ Ու երկիրը բավական հարուստ էր կերակրելու համար իր զավակները։