Վրադարձին երրորդ օրը, դեռ անձրևին հետ իսկ հաշտված չէր, երբ զինքը տարին մոտակա փողոց մը, խեղճ կրպակի մը առջև, թղթի կտոր մը ձեռքը, օրապահիկ հացի կտորի սպասելու։ Կարժե՞ր միթե։ Այդ մութ պատն ի վեր, քաղաքի այդ բորոտ պատն ի վեր, այդ անսպառ հերթը։ Աչքերը անձրևին հետ իսկ հաշտված չէին, երբ ակնարկը ստիպեցավ ընդունել այդ սև ցեխի բեկորը, որ հաց կկոչեին։ Լավաշը տաք ու արևափառ էր Արևելքի մեջ։ Պատառը հազիվ ակռաներուդ տակ՝ կկարծեիր թե արևի փշուրներ կտաքցնեին քիմքդ։ Աշխարհի ողջ բարի կամեցողությունը պետք էր այս ցեխի գունդը հագ արարչական անունով մկրտելու համար։ Երեն կթվեր՝ թե երբեր պիտի չկարենար մոռնալ այդ հերթը։ Ու մանավանդ չորս տարվան զրկանքե անսվաղ այս պոլսեցիներու շարքը, որ իրենց ափերուն մեջ երկյուղածությամբ կպահեին այդ անանվանելի գունդերը։ Անոթությունն իսկ ցուրտ էր ու քաղաքավար այս քաղաքին մեջ։
Կրնա՞ր գիտնալ միթե, այդ հուզիչ տարիքին, որ պատանությունն է, թե մարդը կկազմվի փորձառութենե փորձառություն, թե ոչինչ միշտ գեղեցիկ է իր անհարիր տևողության մեջ, թե կյանքը համբերություն մըն է հաճախ ու միայն խոյանքները չեն, որ զայն բաբախուն կընծայեն, այլև անհրաժեշտ զսպումները։ Իր երազներուն արքայութենեն՝ մեկեն գահազուրկ ինկած էր անհյուրընկալ երկրին վրա։ Շուրջը ամեն ինչ ձանձրույթն կհորանջեր։ Մինչդեռ Արևելքի մեջ, այդ գեշ տարիներուն ալեկոծ էր կյանքը ու հղի անակնկալներով։ Ամեն զրկանքի հետ կարելի էր համաձայնության եզր մը գտնել, քանի որ վերադարձի աստղը կշողշողար հեռուն։ Հավատացած էր թե գարունը վերստին պիտի ծաղկեր՝ հայրենի կածաններուն եզերքը, նշենիները սպիտակ սարսուռներով պիտի դողային զեփյուռին գիրկը ու վերստին պիտի դիտեր Տիկին Լուսնկան, որ սիրո պատճառավ անձնասպան կըլլար հորին մեջ։ Աքսորի ճամբաներուն վրա՝ երազը կրնար թևանցուկ անցնիլ իրականության հետ, վասնզի առատությունը կընկերանար իրեն։ Ու որևէ կայք չկար, որպեսզի մարդ կարենար բազմոցի մը վրա նստիլ՝ շահ ու վնասը հաշվելու համար։ Պատերազմը, կերպով մը, անսպառ լուսանցքի մը պես էր, որ կյանքի էջ մը կբաժնե մյուս էջեն ու մահը՝ եր-