Էջ:White Varsenik.djvu/179

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեռ առույգ էր, հստակ ու կպահեր երիտասարդական հաճելի ոլորում մը։ Որոշ ելևէջներու ան կհիշեցներ մորը աղու ձայնին անփոխարինելի ջերմությունը։ Քիչ մնաց, որ պիտի աղաղակեր թե կբավեր այլևս, այս հալածական տառապանքը։ Եթե կարելի ըլլար, պիտի ելլեր ոտքի ու երթար հետիոտն իր հայրենի քաղաքը՝ անակնկալի բերելու, ինչպես որ Արևելքի մեջ, ուրիշ իր նման աղոց հետ կէրթային ավելի հյուրընկալ ափեր։ Այլ կզգար, թե այլևս այս պիտի ըլլա իր շրջանակն ու իր ճակատագիրը։ Ճիչ մը խեղդվեցավ կոկորդին մեջ։ Իր երիտասարդ Վերգինե մորաքույրը, հակած նորեկին վրա, կիսաձայն կըսեր, աչքերուն տակեն զննելով զինքը։

— Կարծես թե խոսիլ չի գիտեր։ Եկածեն ի վեր, վրա վրայի, ժամ մը չէ խոսած։ «Բաբգեն, աղվորս, բան մը ըսե, ձայնդ լսենք», ըսի առջի օր։ «Հը՜» մռլտագ ակռաներուն մեջեն։ Ամենը երեք բառ գիտե, հը, հա, չէ: Շնորհքով մորաքույր մը անգամ չէ ըսած տակավին։ Եթե շատ վրան իյնաս՝ այնպես կնայի աչքերուդ, որ դուն կամչնաս: Մաննիկին տղուն գրքերուն հետ է՝ գիշերը, ցերեկը։ Կերակուրի անգամ չի գար, եթե չկանչես։ Ո՛չ դուրս կելլե, ո՛չ մարդու տուն կերթա։ Երեք անգամ թևեն քաշելով տուն տարի։ Առտուները դեմքեն թույն կկաթե կարծես...

— Կվարժվի,— կըսեր մյուսը՝ իր անուշ ձայնովը,— սկիզբը դժվար ըլլալու է։ Տարիներն ի վեր ընտանիքին ինչ ըլլալը չի գիտեր...

Այդպես կըսեր, բայց երբ կնայեր դեմքին կզգար թե վարժության խնդիր չէ։ Կզգար թե դեռ ամիսներ շարունակ այս բոլոր բարի մարդիկը պիտի փորեին իր վերքերը։ Դեռ ամիսներ շարունակ՝ ծունկ ծունկի նստած, անխոնջ համառությամբ մը պիտի արծարծեին իր ներքին կրակը, չզգալով բնավ, թե վերադարձը որքան տաժանելի կրնա ըլլալ նույնիսկ պատանիի մը համար, որ անզգա կհամարվի։ Եթե գիտենային միայն՝ թե իր լռությունը ինչ դժվարությամբ կսանձեր ներքին փոթորիկը, ներքին ալեկոծությունը, որ կորոտար։ Օրերե ի վեր փախուստի հրապուրիչ հեռանկար մը կար աչքերուն դիմաց։ Ու այդ հեռանկարը գիշերը բարձին վրա էր ու ցերեկը՝ գրքին էջերուն մեջ։ Հանկարծ ուշադրությունը կանգ կառներ տողի մը առջև ու մեկեն պատերը կնահանջեին։ Ճամ-