Էջ:White Varsenik.djvu/180

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


բաներ, ճամբաներ։ Ահա քրդական գյուղին բարակ արահետը, որ բորենի արտ մը քերելեն կերթար քաղաք։ Միշտ ուրբաթ օրով ու բեռնավոր իշու մը ետևեն, կտրած էր այդ արահետը։ Անասունին ետևեն կքալեին ու թարմ կարագին համեղ բուրումը կծածաներ վրադ։ Նախավերջին տարին էր։ Տան երիտասարդ հարսին հետ էր, որ ընդհանրապես կէրթային տոնավաճառի։ Երբ արևը կբարձրանար, մարդուն ոսկորները տաքցնելու աստիճան, ճամբուն կեսը ըրած կըլլային արդեն։ Շառի, մը տակ կնստեին ու կտոր մը պանիր կկըծեին օթեկ լավաշի հետ, այդ երիտասարդ հարսին հետ ծունկ ծունկի, խոտին վրա։ Հետո հարսը իր սև աչքերով կդիտեր զինքը, այս օտար պատանին, որ իր լեզուն չէր հասկնար ու իր ճերմակ ակռաներով կխնդար սակայն, իր գոհությունն ու համակրությունը հայտնելու համար անշուշտ։ Այդ հայացքեն ու այդ ժպիտեն անդին չէր անցած իրենց բարեկամությունը։ Ու կյանքը ոչ միայն հաճելի, այլև քաղցր էր այդպես։

Ու տան ո՛ր կողմն ալ որ դառնար, կհանդիպեր այդ փախուստի գաղափարին։ Կբավեր, որ կարասի մը հաճելի չթվեր իրեն, որպեսզի ողջ էությունը վերադառնար արձակ երկրին։ Ի՜նչ ճամբաներ կային։ Կբավեր այդ քրդական գյուղեն ճամբա ելլել վաղ առավոտյան, մութին ու առաջին հովին հետ՝ ցերեկին Քիլիսի ձիթենիներով շրջապատված եզերքներուն հասնելու համար։ Կարելի չէր մոռնալ այդ խորտուբորտ բուներով, այլ արծաթավառ ծառերը, որ դեռ հեռու են կշողային: Քարերը անգամ տաք բռնկումներ ունեին այդ երկրին մեջ: Թփերը մորենիներու պես կվառեին, ինչպես գրված է Սուրբ Գրոց մեջ։ Ու այդ ձիթենիները, որ գիշերն իսկ ճերմակ ցոլացումներ ունեին, լուսնկային տակ։ Հետիոտն քալած էին, քանի մը ընկերներով մինչև Այնթապ, մինչև Հռոմկլայի ավերակներում շրջակայքը։ Ու այս բոլոր արկածախնդրությունները միայն հացի համար չէին։ Ով որ ձգտում ունի զորավորներու հնազանդության մեջ պարարտանալու՝ ի վերջո կանգ կառնե, ո՛ւր որ հաց կա ու խշտիկ մը։ Մինչդեռ իրենք կերթային դեպի գարունն ու դեպի կյանքը։ Ազատության ծարավը կմտրակեր իրենց արյունը։ Ճամբանե՜ր, ճամբանե՜ր։ Ոմանց այգիները կեղերեին քմահաճ ոլորումներով։ Մերթ ընդ մերթ՝ իրենց ափերուն վրա մարդ կհանդիպեր աղբյուրի