բայց հետզհետե երկնչելով ու դողալով զգաց արուներու համառ հահայացքը։ Ու քանի ներքին խուլ ալեկոծություններով կինը կարթննար մարմնին մեջ, այնքան երկյուղը կմեծնար փողոցի տղաքներեն։ Ատենե մը ի վեր ճամբուն վրա կլսեր անոնց անախորժ փսփսուքը ու ամեն անգամ հուզումը կխեղդեր կոկորդը։ Մնաց որ Գող-Տոնիկի համբավը այնքան գեշ էր, որ ամենեն անվախ աղջիկն իսկ ճամբան կփոխեր, չհանդիպելու համար անոր շիլ ու վավաշոտ հայացքին։
Ու Գող-Տոնիկ դեռ ճամբուն մեջտեղն էր ու դեմքին վրա նույն սովահար ժպիտը հետզհետե ավելի սարսափելի կընծայեր զայն։ Վարսենիկ գերագույն ճիգով մը ակնարկը բարձրացուց ու նայեցավ այդ դաժան տղուն, որ անմիջապես հայհոյություն մը մրթմրթաց ու ակնարկը պահեց։ Հետո շրջապատված ընկերուհիներեն դողդոջելեն քալեց։ Սիրտը արագությամբ կտրոփեր ու ետ նայելու ուժեղ ցանկություն մը կցնցեր մարմինը, երբ խոսքի կտոր մը, թունավոր սուրի շեղբի պես խրվեցավ սրտին։
— Ծէ՛ Տոնիկ, մալ է հա, «Ճերմակ Վարսենիկդ»...
Ամոթը, զայրույթն ու հուզումը ալիք-ալիք կծեծեին դեմքը։ Մեկը սուր մագիլներով կարծես կոկորդը կճանկռտեր։ Արտասվելու բռնակալ ծարավ մը կուռեցներ կուրծքը, բայց ընկերուհիներեն կամչնար։ Մեքենաբար սկսավ վազել հովին հետ, որ սկսած էր բարձրանալ։ Շունչ առավ, երբ հասավ առաջին տուներուն ու շեմերուն առջև ծեր կիներ տեսավ, որ արևին մեջ իլիկ կմանեին։ Ընկերուհիներն ալ սարսափահար մաքիներու պես թափեցան շուրջը ու անմիջապես սկսան Գող- Տոնիկի սրիկայություններուն մասին խոսիլ։ Քանի մը տարիե ի վեր՝ մեծերեն լսած իրենց բոլոր հիշողությունները մեկեն արթնցան։ Կպատմեին իրարու շրթներե խլելով Տոնիկի ասպատակությունները, մեծ ու փոքր լրբությունները, դողությունները։ Միայն Վարսենիկն էր, որ կլռեր։ Այտերը թեթևորեն շառագունած էին ու կուրծքը կշարունակեր ելևէջել։ Կջանար ծածկել հուզումը ընկերուհիներեն, բայց չհաջողեցավ։
Արդարև առաջին անգամն էր, որ այնքան ուժգնությամբ կյանքը կվիրավորեր զինքը։ Ձեռքերը կդողային ու հուզումը անընդհատ ալիք-ալիք կոկորդին կբարձրանար ու ինք անընդհատ անբավական ճիգով մը կջանար զսպել զայն։ Ան-