Jump to content

Էջ:White Varsenik.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գժտված չէին։ Կիրակի օր մըն էր։ Ինը տարեկան մը ըլլալու էիր։ Մայրդ սրունքներովը բանտարկած էր քեզ ու կաշխատեր մազերդ սանտրել։ Աջ ու ձախ կդառնայիր ու կուզեիր փախիլ։ Երբ մայրիկս ուզեց դեմքդ շոյել այնպես գեշ նայեցար աչքերուն, որ խեղճ կինը ետ քաշվեցավ...

Արեգակի վաչկատուն ճառագայթ մը կար անոր վարսերուն մեջ։ Ու այդ ճառագայթը կսահեր դեմքին վրա, քիչ մը կժպտեր ու կվերադառնար նույն գանգուրներուն, որ կփրփրեին։

Մայրդ գեղեցիկ ու անուշ կին մըն էր։ Ամեն անգամ զիս տեսնելուն՝ աչքերը կխնդային։ Կուգար վրաս ու կհամբուրեր զիս: Երբ մինակ ըլլայինք՝ կհարցներ կարդացած գրքերուս մասին ու կշփացներ զիս։ Այն տարին երեք անգամ գաղտուկ ձեր տունը եկա՝ մայրիկիդ հետ խոսակցելու համար։ Վերջին անգամուն ճերմակ, սիրուն շրջազգեստ մը հագած էր։ Միասին դաշտը պտույտի ելանք։ Երբ վերջին տուները կորսվեցան՝ թև թևի սկսանք վազել։ Երիտասարդ աղջկան մը պես թեթև էր։ Այնքան կսիրեի զինքը, որ մայրս սկսավ նախանձիլ...

— Ատեն ատեն ալ կնստեր կուլար,— ըսավ ինք։

Ու մեկեն զայրացավ՝ արտասանած այդ ապուշ խոսքին համար։ Հուզումեն կդողար ու չէր գիտեր թե այդ հուզումը մո՞րը պատճառավ էր, թե Արուսյակին։ Այժմ կհիշեր նաև մորը այդ ճերմակ շրջազգեստը, որ մեջքեն վար կուռեր։ Ամրան կիրակի երեկոները՝ երբ միասին պտույտի կելլեին, սյուքը կխաղար զվարթորեն այդ շրջազգեստին փեշերուն հետ։ Ինք վազելեն կհեռանար՝ ծաղիկի մը կամ միջատի մը համար, ակոսե ակոս ու ցանկապատե ցանկապատ կթավալեր և երբ վերադառնար՝ հեռուեն, մորը շրջագզեստը դրոշակի մը պես կծածաներ կարծես։ Կյանքի բոլոր դեպքերեն ու քաղաքին բոլոր անկյուններեն, այդ անուշ օրերուն, կրնար վերադառնալ մորը՝ նույն ապահովությամբ ու նույն վստահությամբ։ Երբեմն կուդար վիրավոր, մանկական պզտիկ վերքերով, որ առանց խնամքի կրնան գեշ հետևանքներ ունենալ, երբեմն կվերադառնար՝ առանց կոշիկի, կրծկալը կամ տաբատը պատռած, մազերը խռիվ ու վստահ էր, թե պիտի գտնե ներումը միշտ պատրաստ մորը աղվոր աչքերուն մեջ։ Կյանքի բոլոր դեպքերեն, բոլոր արարքներեն, բոլոր հանցանքնե-