Էջ:White Varsenik.djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րեն, ցավերեն ու հիվանդություններեն, քաղաքի բոլոր անկյուններեն, նավահանգիստեն ու վատահամբավ փողոցներեն, ուր կկռվեին կատաղի հայհուչներով՝ հույն լկտի լակոտներու հետ, արտերեն ու մրգաստաններեն, այդ անուշ օրերուն, կարելի էր վերադառնալ իր մորը։ Մայր մը կա՞ր միթե, որուն կարենար վերադառնալ այժմ, որ դրան մեջ սպասեր իր վերադարձին:

— Հաճախ դուն էիր, որ կլա ընեիր զինքը,— ըսավ Արուսյակ։— Բացի մորմեդ, ոչ ոք քեզ կրնար զսպել։ Իսկ հիմա տեղեդ չես շարժիր, կարծես թե երեսուն տարեկան ըլլաս։

Հայացքը վերստին գեշ ցոլացումներ ուներ անշուշտ, քանի որ Արուսյակ հարեց.

— Երբ այդպես կնայիս, ոչ ոք կհամարձակի անուշ խոսք մը ըսել։ Բոլորը կսիրեն քեզ, բայց դուն կարծես թե օտարի տան մեջ ես։ Մեծ մայրդ կըսե թե երեսեդ թույն կկաթի...

Արդարև, ճիշտ էր այդ զգացածը՝ օտարի տան մթնոլորտը: Աքսորի մթին տարիներուն ևս երդիք չուներ, այլ հոգվույն խորը միշտ արթուն էր իր հայրենի տան պատկերը։ Արտևանունքները խոնարհելու պետք իսկ չուներ զայն երևակայելու համար։ Միշտ այն խորին ներազդեցությունը ուներ, թե այդ տունը հոդ է, ահավասիկ։ Մեկ փողոցեն մյուս փողոցը՝ իր լայն խարիսխներուն վրա։ Ակնարկը եթե քիչ մը ծռեը՝ վստահ էր, թե պիտի նշմարեր լայնատարած թվենին, որ դրացի պատին կհենվեր, այնքան ծանր էր պտողներուն բեռը։ Վարը՝ ածուի մը եզերքը ճերմակ շահպրակներ կային, որ խունկ ու անմահություն կբուրեին։ Առանձին, այդ շահպրակները կբավեին ողջ գարունը բուրավետելու համար։ Ո՞վ կրնա երբևիցե երկու հայրենի տուն ունենալ։ Մարդու մը համար մեկ հայրենի տուն գոյություն ունի, ուր կբնակին ողջ սիրելիներն ու սիրելի մեռելները։ Ձմրան դաժան գիշերներուն, երբ հովը կոռնար դուրսը, խոշտանգելով ծառերը՝ բունի ժամը կրնա՞ր միթե հնչել, առանց որ հայրը հանդիսավոր կերպով հորանջեր ու առաջին ազդանշանը տար:

Արդ՝ պոլսական այս հարկաբաժինը հայրենի ոչինչ ուներ։ Ո՛չ անձրևին անուշ աղմուկը կար սարփինային վրա, ուշ նոյեմբերին կամ գարնան հետամնաց օրերուն, երբ երկիրը կսկսեր ծափել, ո՛չ սարյակներ, եկքանիկնե ու ճնճղուկներ