Էջ:White Varsenik.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Զանգակները սկսան հնչել ու խունկի բուրումը թեթև գոլորշիներով պատեց միջոցը։ Ու հեղակարծորեն, վերստին, քայլը նետեց առաջ՝ դուրս ելլելու համար։ Այլ նուրբ ու գիրգ ձեռք մը սեղմեց իր ձեռքը ու կեցուց զինքը։ Աչքերը բարձրացուց ու իրեն թվեցավ, թե մորը աչքերը կժպտեին իրեն, չույսով մը, ու եղրևանիի ծաղիկներ կբուսնեին։

4

Գիշերը այդ խառնակ զգացումներով էր, որ անկողին կմտներ ու առավոտյան, առաջին ժամուն իսկ կարծես բարձին վրա, կգտներ նույն հոգերն ու նույն անձկությունները։ Հաճախ չէր կրնար իսկ բանաձևել զանոնք։ Մերթ խորունկ կարոտն էր ազատության, իսկ թափառիկ տարիներուն, երբ կյանքի դժվարությունները միշտ ժամանակավոր կթվեին, հավանական վերադարձի մը պատճառավ, որ հեռուն կցոլար։ Մերթ իր մանկության քաղցր հիշատակներն էին, որ նախ կքակվեին հատիկ հատիկ, հետո շտապելով, խուժելով, կարավան առ կարավան, գրեթե տապալելով զինքը: Գլուխը կդարձներ պատին, աչքերը կփակելւ, հուսալով, թե կրնա չլսել մեծ մորը դժվար շնչառությունը, սպասելով, որ առավոտը ծագի քաղաքին վրա ու որոշ հաճությամբ անձնատուր կըլլար անցյալին։

Իրեն կթվեր թե՝ ոչինչ վերջացած է բոլորովին։ Քունի և արթնության միջև վայրկյաններ կային, երբ ամեն ինչ վերըստին կարելի կթվեր։ Կբավեր փոքրիկ ոստում մը ընել իջնելու համար քաղաքին հրապարակը։ Կրնա՞ր ընդունիլ միթե ինչ որ անկարեկիր ժամանակը կկործաներ առաթուր: Պատերազմը, իրողության մեջ, երկար ճամբորդության մը պես էր։ Իրեն կթվեր, թե վերադարձածին պես՝ իրերն ու մարդիկը պիտի վերագրավեին իրենց տեղը։ Եկեղեցիին բակը կասկենիներ կային, որ պիտի ծաղկեին վերստին։ Մարմարե գուռին մեջ աղբյուրը պիտի շարունակեր կարկաչել։ Շաբաթ եբեկոները ծերունի կիները երիզ առ երիզ պիտի քակվեին մերձակա փողոցներուն, լեցնելու համար կիսով եկեղեցին։

Որքա՜ն քաղցր էր իրիկնային ժամը այդ դարավոր կամարներուն տակ։ Երբ ճառագայթի բեկորներ կպլլվեին շա-