Jump to content

Էջ:White Varsenik.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կային խորքի ծառերուն վրա և ո՛չ իսկ գորտերու կռինչ։ Վաղ առավոտյան, երբ կիսաքուն կեղծավորությամբ, կոպերը կփակեր՝ մայրը ոտքերուն ծայրերուն վրա կմոտենա՞ր միթե անկողնին իր կիսախուփ աչքերը համբուրելու համար։ Անգամ մը՝ ձախավեր շարժման մը պատճառավ, իր ամբողջ իրանովը մայրը ինկած էր վրան ու ինք, որ սուտ-քուն էր՝ ակամա ճչացած էր։ Քաղցր խնդուքով մը վերջացած էր ամեն ինչ։ Մայրը զինքը գրկած էր բազուկներուն մեջ ու կուշտ մը համբուրած։ Արդ՝ նման հիշատակներով է, որ հայրենի տան մը պատկերը կանգուն կմնա։ Երբեք, վայրկյան մը իսկ չէր ուզած ենթադրել, թե իր հայրեն ի երդիքը ուրիշ նկարագիր կրնար ունենալ։ Օտարի տան մեջ էր արդարև, տան կլիման- օտար էր իրեն ու մարդ ստիպված էր օտարությամբ վարվիլ այս օտարներուն հետ։ Ամեն հայրենի տուն որոշ անձնավորություն կենթադրե։ Մինչդեռ ինք կապրեր կծկված ինքն իր վրա, բանտարկված ինքն իր մեջ։

— Բաբկե՛ն, տղա՛ս...

Լսվեցավ մեծ մորը ձայնը վարեն։

— Բարդենը պատրաստ է, մորաքույր,— ըսավ բարձրաձայն Արուսյակ, ելլելով դուրս ու ծռելով սանդուխին բազրիքն ի վար։

— Վա՛ր իջեք, աղջի՜կս...

Լսվեցավ վերստին մեծ մորը ջղային ձայնը։ Տեղեն շարժելու մտադրություն իսկ չուներ, բայց Արուսյակ ձեռքեն բռնեց ու իջեցուց զինքը։ Երբ քանի մը աստիճան վար՝ ան գլուխը դարձուց, աչքերը լի էին ստահակ ժպտով մը, կարծես մեկեն գարունը խուժեց վրան։ Ուսերուն վրա ու ողնասյունն ի վար հաճելի ցնցում մը զգաց։ Բնազդաբար ձգեց Արուսյակին ձեռքը ու աչքերը խոնարհեց գետին։ Ու մինչև եկեղեցիին դուռը այդ քաղցր դողը ուսերուն վրան էր ու անդամներուն մեջ։ Արտասվելու զորեղ փափագ մը կար կոկորդին մեջ։ Երբ խորանին լույսերը ինկան դեմքին վրա քիչ մնաց որ փղձկար։ Որքա՜ն քաղցր կրնար ըլլալ այդ երաժշտությունը՝ իր ծարավի հոգվույն համար։ Ամեն ինչ շարականներու ալիքներուն վրայեն կհասներ իրեն, երբ մեկեն զանգակները սկսան հնչել, կարծես ավետելով կյանքին վերստին ծագումը։