Jump to content

Էջ:White Varsenik.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մանուկ, գիտեր անոնց տեսակները։ Հայրը կկարծեր, թե միայն ինք կրնար ճաշակել անոնց մասնահատուկ համը։ Կպնդեր, թե քիմք ըսածդ՝ տարիքին հետ զգայուն կդառնա։ Թե ո՛վ որ նուրբ ու գիտուն քիմք մը չունի՝ չի կրնար լավ հոտառություն մը ունենալ։ Ավելի ուշ, շատ ավելի ուշ միայն՝ հասկցավ հորը խոսքերուն ճշգրիտ իմաստը։

Արդարև, քիմքն ու հոտառությունը զգայարանքներ են, որ զույգ կընթանան։ Երբ մարդուս ակռաները կպատռեն դեղձի մը ավշալի միսը՝ պտուղին հյուսկենները կարձակեն բույր մը, որ անհրաժեշտ է զգալ, լիովին ըմբոշխնելու համար համը։ Խնձորի տեսակներ կան, որ կարծես դեղձ կբուրեն։ Կրնա՞ր չհիշել միթե այս բոլոր բույրերը։ Ամրան երեկոներ կային օծյալ աքասիայի ողկույզներու բարկ բուրումով։ Քաղաքի մեջ ամեն անկյուն, ամեն հրապարակ իր նշանակալից հոտը ուներ։ Զառիվար մը կար, որ ուղիղ կիջներ արտերեն՝ լայն հրապարակի մը վրա, ուր տեղի կունենային Զատկի ու Աստվածածնի տոները, ուր հայկական բարձրավանդակեն չես գիտեր ո՛ր հրաշալի ճամբաներով հոդ ինկած լարախաղացներ պարաններու վրա կպարեին։ Գյուղական հարուստ կալվածատերերու տուներ կշրջապատեին այդ հրապարակը, ընդարձակ բակերով ու լայնափեղկ դռներով, ուրկե ներս կմտնեին հարդի կառքերն ու հնձանները։ Այդ հրապարակը միշտ հարդի հաճելի բույր մը ուներ, բարեխառնված կարծես քաղցուի հոտով։

Տարվան երեք եղանակներուն, երբ մարդ կանցներ այդ հրապարակեն՝ քաղքին բերրի հողը, իր ծանր գոլորշիներով, կարծես կողողեր զայն։ Ընդհակառակը, փողոց մի կար, թրքական թաղին սահմաններուն վրա, մեկ կողմեն՝ ողջ երկայնքին եզերված հնամյա պատով մը, որ միշտ գարուն կբուրեր։ Անակնկալ կերպով կիյնայիր ներս ու հաճելի զովություն մը կհամբուրեր դեմքդ։ Այն տպավորությունը կկրեիր, թե պատը պիտի փլի՝ այնքան ճոխ էին ճենողկուղակի ողկույզները, որ մոլոշագույն ցոլացումներ կարձակեին: Հետո բազմագույն եղրևանիներ կային, պատն ի վեր ու պատն ի վար, սպիտակ, լեղակագույն, մանիշակագույն։ Նաև հասմիկներ ու այծտերևներ։ Փողոցին մյուս մուտքին մոտ, դարևոր պատին մեջ փորված, աղբյուր մը կար, որ առանց խոնջենքի կկարկաչեր,