Jump to content

Էջ:White Varsenik.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Երբ պզտիկ էիր, զիս ավելի կսիրեիր,— հարեց մայրը ժպտուն,— շատ անուշ մայրիկ մը կըսեիր։ Հիմա երբ մայրիկ քա կպոռաս՝ ջղերս ոտք կելլեն...

Դյուրին չէ՞ր միթե մեղմորեն ըսել թե՝ հիմա շատ ավելի զորությամբ կսիրեր զայն, թե ամեն առավոտ գողունի համբույրը՝ որ մայրը կպարգևեր իրեն, իր մեծագույն երջանկությունն էր, թե այն օրը՝ որ մայրը մոռնար զինքը, առավոտյան ա ռաջին ժամուն, ինքզինքը զրկված կզգար ու դժվարությամբ կլրացներ իր աշխատանքը: Մեծ վարանումով մը հաջողեցավ ձեռքը մոր ուսին վրա դնել, ու ան գլուխը ծռեց ու համբուրեց իր մատները։ Հետո այտը դրավ իր ձեռքին վրա ու երկար վայրկյան մը մնացին այդպես։

Երբ վերստին աչքերը բացավ՝ օրը հառաջացած էր արդեն։ Մեծ մորը անկողինը պարապ էր։ Ու արևը անուշ էր բարձին վրա։

— Առաջին անգամն էր, որ այդպես ուշ կարթըննաս,— ըսավ Աուսյակ՝ ծռելով բարձին վրա,— հիվա՞նդ չես...

Ո՛չ, հիվանդ չէր։ Ճակտին վրա զգաց Արուսյակին ձեռքը ու դեմքին վրա անոր աղվոր ու տրտում ժպիտին լույսը։ Դուրսը ևս օրը անուշ էր։ Այլ ինչո՞ւ աշխարհը նույն աշխարհը չէր ու կյանքը նույն կյանքը չէր։ Իր երևակայածեն տարբեր էր ու սովորական։

5

Գլուխը պատին դարձուց ու առաջին անգամ ըլլալով, վերադարձեն ի վեր, զզաց, որ կրնան աչքերը թրջիլ, եթե ինքզինքը չզսպե։ Հիշեց հայրը, որ չէր սիրեր արտասուքը։ Արհամարհանքով կդիտեր խոսակիցը ու ակռաներուն մեջեն, ցուրտ ձայնով մը կհարեր.

— Լացողը ներսեն կուլա։ Ամեն արցունքի մի հավատաք...

Ինք ևս չէր հավատար այժմ ամե՛ն արցունքի, ամե՛ն տրտմության, ամե՛ն սիրո։ Կկարծեր, թե իրական հավատարմությունները բառերով չեն ըսվիր։

— Ձգեցե՛ք, որ կնիկները լան,— կըսեր նաև հայրը՝ նույն խստությամբ: