տության տարիներուն ի՛նչ չէր տեսած ու ի՛նչ չէր լսած, որ պեսզի իր այս հապաղած պատանությունը մաքուր մնացած ըլլար։ Աղախիններու, դյուրին կիներուն, ստահակ տղոց մնայուն դրացնության մեջ՝ անոնցմե էր, որ ժամանակեն առաջ կարթննան ի սեր։ Անոնցմե էր, որ կարթննան ի սեր գազանային անհագ ախորժակներով։ Ու վայրկյաններ կային, որ ոչ միայն ինք, այլ և բոլոր շուրջինները կզարմանային իր՝ անօրինակ զգաստության, հանդարտության, ցուրտ անտարբերության վրա։
Վերադարձեն ի վեր՝ գրքերեն զատ ոչինչի հանդեպ շահագրգռություն ցույց կուտար, մինչ իր տարիքը տղաք ողջ օրը կսլքտային պարտեզներուն մեջ ու պողոտաներուն վրա՝ տարեկից աղջիկներու շուրջ։ Երբեմն կզգար արդեն՝ թե այդ բոլոր զուր մանկություններուն շրջանը անցուցած է ինքը: Մութին՝ ծառին մը տակ հապաղումներն ու ցած ձայնով փոխանակված անօգուտ շաղակրատությունները, աղջնակի մը՝ հետ, ժամանակի անօգուտ կորուստ մը կթվեին իրեն։ Քանի մը տարիե ի վեր գիտեր արդեն, թե՝ կիները ո՛ւրկե կսկսին և ո՛ւր կվերջացնեն, թե ո՛ր կիներուն հետ մինչև ուր կարելի է էրթալ։ Ու ճիշտ այս պատճառավ էր, ինք կզարմանար այս բոլոր անակնկալ հուզումներուն վրա, որ Արուսյակի անձեն կուգային։ Վայրկյաններ կային, երբ իր գորովն իրեն հանցավոր կթվեր։ Այլ խուզարկու ակնարկով մը կշարունակեր դիտել զայն ու հոգվույն խորը կցանկար, որ ան նստած մնա, օրն ի բուն, իր անկողնին եզերքը։
— Կարելի եղածին պես անգամ մը քաղաք կուգաս, շարունակեց Արուսյակ,— գործերդ կհանձնես մորքեռայրիդ ու կվերադառնաս հոս, ուսանելու համար։ Մի՛ մոռնար, որ չորս տարի կորսնցուցած ես ու պետք է շատ աշխատիս, եթե կուզես հաջողիլ...
— Հոս չեմ կենար,— ըսավ ինք համառությամբ,— եթե քաղաքը չկենամ՝ որբանոց կեթամ...
— Կարծես թե չորս տարիե ի վեր քաշածներդ չեն բավեր։ Որբերուն հարցուր անգամ մը, թե ինչպե՞ս կապրին։ Կամաց-կամաց կյանքը պիտի լավնա։ Հորդ կալվածները կրնան հասութաբեր ըլլալ։ Որբանոցը իրապես որբ տղոց համար է։ Չըլլա, որ այդ խոսքը անգամ մըն ալ արտասանես։ Եթե