Jump to content

Էջ:White Varsenik.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նպատակդ շուրջիններդ վշտացնելն է, աղե՛կ։ Մեղք է մեծ մայրիկդ...

Որբ չէր՝ հապա ի՞նչ էր ինք։ Ու միթե չէ՞ր պատահած, այս տարիներու ընթացքին, որ երջանիկ եղած ըլլար: Ի՜նչ ստահակություններ ու ի՜նչ շնություններ չէին ըրեր։ Կյանքը իրենցն էր՝ ինչպես ողջ երկիրը, ծառերն ու ճամբաները, Աստծո երկինքն ու աստղերը դատարկապորտներուն են։ Ո՛չ մեկ արգելք ու ո՛չ մեկ ընկեր ային խոչնդոտ կար իր շեն պատանության առջև։ Ի՛նչ փույթ թե ամեն շաբաթ ճերմակեղեն չէին փոխեր ու հաճախ անոթի էին։ Կյանքը զարմանալիորեն շեն էր ու Աստծո արարածները՝ բարեկամ։ Մինչդեռ հոս՝ ամեն վայրկյան ձեռնոց պետք էր դնել ազգականներու իսկ խոսելու համար։ Ամեն ինչ հաշիվ էր հոս ու ամեն ինչ սակարկված։ Իրական գորովին ու պարտավորության միջև տարբերությունը գուցե դեռ չէր կրնար բանաձևել այլ կզգար մարմնին հետին բջիջներովը։ Երբ ինք մեկը կսիրեր, իր բուռն պատանության ամբողջ զորությամբը, կարևորության չէր տար ո՛չ անոր հագուստին, ո՛չ խոսվածքին և ո՛չ իսկ գեղեցկության։

Արդարև, այդպես էր իր հոգին։ Բերիո պատերուն տակ, ամրան, երբեմն կնստեին ընկերներով հայ ծերունիի մը շուրջ, որ մոտակա անկելանոցեն կուգար իր հոգնած անդամները տաքցնելու։ Իմաստուն ու շատ բարի մարդ մըն էր ու մարդ չէր հագենար զինքը լսելե։ Վերադարձեն ի վեր առնվազն օրը անգամ մը հիշած էր զայն ու վստահ էր, թե երբեք պիտի չկարենար մոռնալ անոր բարակ գլուխը, որ թեթև մը կտատաներ ուսերուն վրա ու անուշ Ժպիտը։ Փողոցի շուն մըն ալ կար, որ երբ հավաքված կըլլային, կուգար փաղաքուշ շարժումներով կպառկեր, իր աղտոտ մարմինը հեցած ծերուկին ազդրին ու իր խոշոր աչքերով մտիկ կըներ զայն։ Տղա մը զայն մկրտած էր Կիրակոս աղբար:

Օր չԷր ըլլար, որ գրպաններուն մեջ մսագործի մը խանութեն գողցված ոսկոր մը կամ մսի կտոր մը չըլլար Կիրակոս աղբոր համար։ Մինչդեռ հոս մարդոց գորովներն անգամ քաղաքավար էին, ճիշդ չափի վրա ձևված ու արդուկված։ Ամուսինը ցույց կուտար, թե կսիրե իր կինը, որովհետև օրենքը կըսե, թե ամուսին մը պետք է սիրե իր կինը։ Մեծ մայրը