ռար «Ճերմակ Վարսենիկ»։ Սպիտակ շրջազգեստը, որ այս գարնան կարած էին և որ այնքան կվայլեր դեմքին ու հասակին՝ այժմ աղետ մը կթվեր իրեն։ Մտովի որոշեց, որ այլևս չպիտի հագնի զայն։ Կզգար, որ եթե տակավին երկար մնար ընկերուհիներուն հետ, կրնար արտասվել, փողոցին մեջտեղը։ Զորությամբ կհիշեր Գող-Տոնիկի շիլ խորամանկ գազանի հայացքը, որ կարծես կուրծքերը կվառեր։ Անտարակույս խորապես վիրավորական ու գարշելի էին այդ բառերը, որ լսած էր։ Ի՞նչ կուզեին իրմե։ Պատանուհիի ուղեղին մեջ փոթորիկ կար։ Գեշ հետաքրքրությամբ մը կոչում կըներ իր հիշողության, լրիվ բացատրելու համար լսած խոսքին իմաստը: Ի՛նչ որ պարզ էր, Գող-Տոնիկի իր հանդեպ ունեցած ցանկության գոյությունն էր։ Ճշգրտիվ չէր գիտեր, թե ի՞նչ կրնար ըլլալ այդ ցանկությունը, բայց ուժգնությամբ կզգար, որ Գող-Տոնիկ զինքը կուզեր։ Անոր ընկերոջ ակնարկությունը, «Վարսենիկդ» բառը ու Գող֊Տոնիկի ակնարկը կբավեին փաստելու համար ատիկա։ Պժգանք ու խորշանք չէր սակայն, ինչ որ կզգար, այլ զայրույթ ու ատելություն։
Աճապարանքով բաժնվեցավ ընկերուհիներեն ու վազելով եկավ տուն։ Ո՛չ երեկոյան խաղաղությունը, ո՛չ փողոցին եռուզեռը, ո՛չ ալ ասդին անդին երևացող ընկերուհիները կրնային վայրկյան մը կեցնել զինքը։ Պարտեզին երկաթե դուռը հրեց ու տանը հանդարտ միայնությունը ավելի արագազուց իր հուզումը։ Շահպրակի գաղջ ու անուշ բուրում մը զարնվեցավ ռունգերուն ու խոհանոցի պատուհանին ,քով կախված վանդակեն իր սիրուն դեղձանիկը ձայնեց։ Եթե այդ դեպքը պատահած չըլլար, անշուշտ պիտի երթար քովը ու հետը խոսեր, նայեր թե մայրը մոռցած չէ՞ արդյոք թռչնակեր ու ջուր տալ իր Սիրունիկին։ Սերկևիլի ծառին տակ, արևին մեջ, հորը աղվոր որսի շունը կքնանար։ Իր բարակ գլուխն ու նուրբ, ճկուն անդամները ամբողջովին ոռոգված էին արևով։ Իր քայլերուն ձայնը լսածին պես գլուխը բարձրացուց, ականջները սրեց ու խելացի, հավատարիմ աչքերով նայեցավ իրեն։ Հետո կլափը բացավ, ցույց տալով սուր, սպիտակ ակռաները ու հորանջեց։ Պարզապես կսպասեր, որ Վարսենիկ երթար շոյեր զինքը։ Բայց երբ նկատեց, թե իր բարեկամուհին շիտակ ներս կուղղվի՝ ճապուկ արագությամբ մը բարձրացավ ու