Jump to content

Էջ:White Varsenik.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոսկեզարդ մակույկները ու շաբաթ երեկոները` հեռավոր երկիրներե հանդարտ վեհափառությամբ հասնող նավերը։

Որքա՜ն մեղմածուփ ու կապույտ էր երբեմն այդ ծովը։ Երբ տափակ խիճ մը կսահեցներ՝ իր մակերեսին վրայեն, ան անաղմուկ կպատռեր սնդուսե անծիր սավանի մը նման։ Փողոցներ կային, ուրկե զայն կարելի չէր տեսնել, այլ կզգայիր իր ներկայոլթյունը՝ հանած զվարթ աղմուկին կամ հովի շունչերուն պատճառավ, որ երեսդ կպագնեին։ Քաղքին մյուս տղոց պես, դյուրությամբ կրնար ճշտել, թե հովը որ խաղալեն կվազեր վրադ, ծովեն կուգար, թե դաշտերեն։ Ու ի՜նչ արձակուրդի հետմիջօրեներ կային ծովափին վրա կամ քարափին գերաններուն տակ, ուր ուլականջ կորսային, լոկ հաճույքի համար։ Վերջին տարին ուրիշ զվարճություններ ևս կային։ Ծովի լոգանքի եկող հույն աղջիկներուն հետ՝ կարգ մը չարաճճիություններ, որ ավելի լավ է լռել և որ իրենց այտերը կվառեին։ Հայնժամ տուն կվերադառնային, հույն փալիքարիներուն պես, իրենց գլխարկները ծռած ու ձեռքերը գրպանները փոխն ի փոխ քաշելով գլանիկ մը, որ իրենցմե մեկը գողցած կըլլար հորը գրպանեն։ Եթե պատահեր, որ իրենցմե փոքր լակոտներու հանդիպեին՝ կհառաջանային արհամարհոտ դանդաղությամբ մը, գդակները քիչ մը ավելի ծռելով ու ձեռքերը քիչ մը ավելի խրելով գրպաններուն մեջ։ Եվ կամ կթքնեին անոնց կողմը, այպանքի որպես ծայրագույն նշան։

Անշուշտ շքանշանին մյուս երեսն ալ կար։ Կբավեր, որ հարգելի ու տարեց պարոնի մը ստվերը երևար, որևէ փողոցի անկյունը, որպեսզի արտակարգ արագությամբ մը վերագտնեին հնազանդ ու բարեկիրթ մանուկներու իրենց դասական դերը։ Իրենցմե ոմանք այդ դերը կխաղային անմրցելի ճարտարությամբ մը, այնպես, որ հաճախ կպատահեր, որ նույն տղուն հանդեպ երկու հակոտնյա կարծիքներ գոյություն ունենային, երկուքն ալ ծայրահեղ։ Իրենց է՛ն դաժան թշնամիները ո՛չ մարդիկն էին, ո՛չ ալ բնական պատուհասները, այլ մթին ու վերացական ուժերը, որ մերթ կսառեցնեին իրենց տաք ու փրփրուն արյունը երակներուն մեջ ու օրենք, կարգ, կանոն, կարգապանություն և ուրիշ նման սարսափելի վիշապներ։ Իրենց երկյուղը այս ուժերեն իրական էր, նախ