որովհետև չէին հաջողեր անոնց էությունը կապտել, լիովին ճանչնալ ու հասկնալ զանոնք։ Սարսափ մը, որուն բնույթն ու էությունը ծանոթ է, սարսափ ըլլալե չի դաղրիր, բայց կկորսնցնե իր խորհրդավորությունը։ Խոշորակազմ ու դաժան ուսուցիչ մը ունեին, որ հաճախ երկյուղն գունատ կձգեր զիրենք, կարգապահություն կգոռար ահարկու ձայնով մը ու մեկեն լռությունը իր չարաշուք առագաստները կձգեր դասարանին վրա։ Լռությունն ու վախը՝ այդ անծանոթ ուժեն։ Ու արդեն մինչ այդ ոչ մեկ ուսուցիչ տեսած էր ինք, ընդունակ՝ մատչելի ընծայելու վերացական գաղափար մը։
Օր մը հայրը կխոսեր ուրիշ քաղքե եկած երիտասարդ բժիշկի մը հետ, իրենց պարտեզին մեջ։ Այդ բժիշկը ցոլցլուն ակնոցներ ուներ, փոքրիկ մորուք մը և ակնարկ մը, ուր կարծես իմաստության կայծեր կշողային։ Ծառի մը կռթնած մտիկ կըներ զայն, երբ լսեց ավելի քան զարտուղի խոսք մը,— արտահայտության եղանակ մըն է,— կըսեր, պզտիկ ձայնով մը։ Հաջորդ օրը՝ առաջին հանդիպած ուսուցչին դիմացը կեցավ ու կմկմալեն հարցուց.
— Ի՞նչ ըսել է արտահայտության եղանակ, պարոն...
Անակնկալի եկած, մարդուկը երկարորեն դիտեց զինքը։
— Գլխեդ վեր բաներով մի՛ զբաղիր,— ըսավ խստությամբ,— դասերդ սորվե, ինքնիրենը կուգա...
Ի՛նչ էր մնացյալը, որ ինքնիրենը պիտի գար՝ չհասկցավ անշուշտ։ Կրունկներուն վրա դառնալու էր, համեղ հայհոյություն շրթունքներուն վրա՝ թե՝ արտահայտության եղանակին և թե՝ ուսուցչին դեմ, երբ այս վերջինը զինքը կեցուց ու կարծես նենգամիտ ժպիտով մը ավելցուց.
— Աարծիքդ հայտնելու ձև մըն է կամ զգացում մը, մտածում մը ցույց տալու։ Բայց ըսածս մտիկ ըրե, դասերդ սորվե ու մնացյալը ինքնիրենը կուգա...
— Մնացյալդ ալ, քեզի ալ,— ըսավ մտովի, միաժամանակ մրթմրթալով,— շնորհակալ եմ, պարո՛ն, բարի երեկո, պարո՛ն...
Առաջին անգամ էր գուցե, որ կյանքին մեջ այդքան քաղաքավար կըլլար։ Ուսուցիչն ալ զարմացած էր, ինքն ալ։ Պայուսակը նետեց օդը ու խնդալու զորեղ փափագ մը զգաց: «Ես քու մնացյալիդ», կըսեր մտովի։ Այլ հետաքրքրությունը