Jump to content

Էջ:White Varsenik.djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծելու վրա էր ու առանց գլուխը դարձնելու փախավ, իյնալու համար քաղաքին միջօրեին մեջ։

Հալածական կվազեր, առանց տերը ըլլալու իր մտածումներուն և արտասվելու ուժեղ ծարավ մը կսեղմեր կոկորդը: Երբ ուշ երեկոյան տուն վերադարձավ՝ զարմացավ դիտելովը, որ ամեն ոք իր գործին հետ էր, կարծես թե ոչինչ պատահած ըլլար։ Միայն Արուսյակն էր, որ մոտեցավ իրեն ու մեղմ կշտամբանքով մը ըսավ.

— Չեմ գիտեր, թե ինչպե՞ս առանց ճաշելու կրնաս կենալ։ Ու ինչո՞ւ այդպես գլուխդ կառնես կերթաս...

Վստահ էր այժմ, թե ոչ ոք լուր ուներ պատահածեն։ Ողջ գիջերը անկողնին մեջ թավալեցավ, ձախեն աջ ու աջեն ձախ, դիտելով լուսնկան, որ կլողար երկնից ալիքներուն մեջ։ Իրեն կթվեր, թե այլևս երբեք պիտի չկարենա մոռնալ երիտասարդ կնոջ այդ ճոխ մերկությունը ու խորունկ ամոթ մը կցնցեր մարմինը։ Կուզեր ոտքի ելլել ու պաղատագին ներողություն հայցել, բայց ո՞րմե, չէր գիտեր։ Կկարծեր, թե այլևս երբեք, պիտի չկարենա դիտել իր մորաքույրը՝ առանց ամոթապարտ մնալու։

Ամոթը իր մարմնին մեջ էր ու հոգվույն խորը։ Ու երբ սկսավ արտասվել ու զգալ բերնին անկյունները աղի կայլակներուն դառն համը՝ իրեն կթվեր, թե անջնջելիորեն, ամոթը դեմքին վրա էր, աչքերուն մեջ ու առավոտը ծագածին պես՝ հետին կույրն իսկ պիտի նշմարեր զայն։

6

Լռությամբ կսահեր դուրս՝ օրը ծագածին պես, առանձին իր ներքին աշխարհին ճամբաներուն վրա ու ժամերով կքալեր, առանց գլուխը աջ կամ ձախ դարձնելու, առանց ետև նայելու։ Այսպես է, որ աստիճանաբար այդ մեծ քաղաքին ծանոթացավ։ Լռությամբ կսահեր դուրս՝ ստուգիվ, օրը ծագածին պես ու ոչ ոք կհամարձակեր կեցնել զայն։ Երբ անոթությունը խարազաներ թիկունքները նույն անըմբռնելի՝ լռությամբ կվերադառնար։ Ու եթե առջևը ճաշը չդնեին ընդունակ էր այդպես անկողին երթալու։

Ո՜վ գիտե, ի՞նչ գեշ լույս կար դեմքին վրա, որպեսզի կա-