Jump to content

Էջ:White Varsenik.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շրթունքներուն վրա։ Միջօրեն հեռու չէր։ Թրքուհի մը փոքր, այլ հապճեպ քայլելով սահեցավ գնաց, եղրևանիի բուրում մը ձգելով հետքերուն վրա ու շրջիկ հույն ձկնավաճառ մը ընգհատեց իր երգը՝ զայն դիտելու համար։ Կրնա՞ր ըլլալ միթե, որ վարժվեր այս քաղաքին։ Փողոցները ոչ մեկ մտերմություն ունեին ու ոչ մեկ իրական շինություն կարելի կթվեր այս բոլոր տուներուն մեջ։ Կրնա՞ր միթե գիտնալ, այդ տարիքին, թե քաղաքները մարդկային էակներու պես են։ Ու հոգեկան երկար ընտանություն մը անհրաժեշտ է, զանոնք կարենալ սիրելու համար։ Հասարակ երգ մը անգամ մարդ մեկ անգամեն չի կրնար սիրել։ Կրնա՞ր գիտնալ, միթե, բեռնավոր այդ հիշատակներով, թե առաջին ձանձրույթներն ու առաջին օտարությունները անհրաժեշտ են՝ որպեսզի առաջին հրճվանքները ծագին անհուսալի անկյուններե, առաջին սիրո երգերը բարձրանան, ծովախաղացքներու պես, խորին դառնությամբ մը։ Իր կանխահաս երիտասարդության բեռը ուսերուն՝ կքալեր, ողջ էությամբ ձգտելով կյանքի ջինջ ու բանաստեղծական հայտնության մը, առանց զգալու, թե կտառապեր զգայարանքներու սաստիկ բռնկումե մը։ Իր հապաղած պատանության ակոսներուն մեջ հեշտության արքայական լույսն էր, որ կարելի կընծայեր գաղտնի բողբոջումը բոլոր արգելված սաղմերուն։

Ու եթե դուռերը բախել գիտնար, տեղ մը մտնելե առաջ, գեթ այդ հավելվածական միջադեպը տեղի չէր ունենար։ Ո՛չ նրբանցքը, ո՛չ ալ առաջին հարկը մարդ կար։ Ստիպված ելավ վեր։ Ու դեպքեն հետո մտածեց միայն, թե գորգերուն պատճառավ, իր ոտնաձայնը կրնար չլսվիլ։ Պարզությամբ ննջասենյակին դուռը բացավ ու քիչ մնաց աղաղակեր, այնքան անակնկալ էր տեսարանը։ Մորաքույրը բոլորովին մերկ հայելիին առջև կուրծքերը կհոտավետեր։ Չզգալով անմիջապես, թե ինչ տեղի կունենա՝ գլուխը դարձուց ու մեկեն ճչաց։ Իսկ ինք գամված կեցած էր հոդ, խորապես ապշած հոգվույն խորը՝ թե կին մը այդքան գեղեցիկ կրնա ըլլալ։ Ակնարկը կառչած մնաց անոր ճոխ թիկունքներուն, մինչ ան կճգներ ծածկել իր մերկությունը, միաժամանակ պոռալով, որ դուրս ելլե։ Հեղակարծորեն զգաց, թե՝ հանցավոր արարք մը գոր-