խոսիլ գործածելով իր բառերը, պատասխանելով իր ներքին անդոհանքին, իր տրտմություններուն, իր հմայաթափությանց:
— Կկարծեինք, թե,— հարեց Արշամ,— պատերազմեն վերջ արար-աշխարհ պիտի գուրգուրար մեր վրա։ Կկարծեինք, թե մեր բոլոր զրկանքները վերջ պիտի գտնեին, բոլոր ուրախությունները մերը պիտի ըլլային։ Տղա էինք, խելքերնիս չէր հասներ աշխարհի գործերուն...
Ու տարօրինակը այն էր, որ ան՝ արտասանելով հանդերձ այդ դառն բառերը, կշարունակեր ժպտիլ։ Ու ինք, առաջին անգամ ըլլալով նկատեց, որ վերին շրթունքին վրա բուսածը այլևս աղվամազ չէր։ Հաճելի, հասուն լրջություն մը կար ընկերոջ դեմքին վրա, հակառակ այդ ժպիտին։
— Մարդիկն ու աշխարհը լավ չէինք ճանչնար,— ավելցուց պարզությամբ,— չէինք գիտեր, թե մեր կորսնցուցածը ոչ ոք կրնար վերադարձներ մեզի...
Ու Արուսյակ, որ կքալեր իր քովեն, այլևս չկրցավ զսպել իր հուզումը ու սկսավ անձայն հեկեկալ։ Լռությամբ շարունակեցին քալել ու հակառակ զվարթ երեկոյան՝ քաղաքը թշնամի կթվեր իրեն։ Կուզեր քաղցր խոսք մը ըսել Արուսյակին ու չէր կրնար։ «Երբ քաղաք երթա՝ որբանոցեն կգրեն իրեն»,— ըսավ մտովի։ Ու այդ մտածումը խորին խաղաղություն մը պարգևեց իր հոգվույն։ Ու նաև համարձակություն մը, որուն ընդունակ չէր կարծես ինքզինքը։ Պայուսակը բռնեց մյուս ձեռքով ու անոր թևը առավ, ապշելով թե որքան դյուրին կրնային ըլլալ մարդկային արարքները, որոշ ժամերու։
— Դանդաղորեն կվարժվինք մեր նոր կյանքին,— ըսավ Արուսյակ կիսաձայն,— ու հանցավորը միայն հոս մնացողները չեն, եթե երջանիկ չենք զգար մենք մեզ։ Մեծ տարբերություն մը կա մեր և իրենց միջև։ Տառապանքն ու զրկանքը մեզ վարժեցուցած էին ազնվության, բարության, զոհաբերության։ Մինչդեռ հոս մնացողները հին սովորություններով կշարունակեն ապրիլ...
Վայրկյան մը լռեց ու սրբեց արցունքները և ավելի սեղմվեցավ իրեն։
— Վերքը տաք եղած ատենը՝ շատ չի ցավիր, կըսեին քաղաքը։ Մեր բոլոր ցավերը կամաց կամաց պիտի արթըն-