վել։ Մտովի կըսեիք թե մարդիկ այս աստիճան անարդար չէին անապատներուն մեջ իսկ:
Կոկորդս կսեղմվեր հուզումես, այլ հոգիս չէր զիջեր արդարանալ։ Արձանի պես լուռ կեցած էի տեղս։ Կզգայի, թե վերաբերումս միշտ չէր, թե պետք էր ոտքի ելլել, պատասխանել բարեկրթությամբ, բայց անարդարությունը բոլոր գեշ հակումներս կարթնցներ ու հպարտությունս անողոքելի էր։
— Պետք է, որ օր մը կրթվիք վերջապես,— գոռաց պարոն Տիրատուրյան,— պետք է որ վերջապես ապրիլ սովրիք, պետք է, որ ջանաք արժանի ըլլալ ձեր վրա դրված հույսերուն։ Կլսե՞ս, Բաբկեն, քեզի եմ,— պոռաց սարսափելի ձայնով մը:
Գեշ ակնարկով մը նայեցա դեմքին։ Առաջին անգամ ըլլալով այդպես գունատ կտեսնեի զինքը։ Մորուքը կարծես կդողար։ Բայց սիրտս չհաջտվեցավ իրեն հետ։
— Ես չէի։— ըսի բրտությամբ։
Անսպասելի արագությամբ մը եկավ վրաս, ուսերս բռնեց ու բարձրացուց զիս ոտքի։ Ձեռքերը կդողային։
— Նախ ոտքի կելլեն պատասխանելու համար,— կպոռար ապշեցուցիչ կերպով որոտացող ձայնով մը ու հետո՝ «Կներեք, ես չէի, պարո՛ն, կըսեն, պարոն, կլսե՞ս, պարոն...»
Ակռաներս կարծես, թե չէին փակվեր։ Ոչ մեկ արցունքի կաթիլ այլևս, այլ ցուրտ դող մը, որ ողնածուծես կվազեր վար ու կսառեցներ անդամներս։ Ուսս թոթվեցի ու նույն գեշ հայացքով նայեցա դեմքին։ Ձեռքը բարձրացուց՝ ապտակելու համար զիս, բայց վերջին պահուն զսպելով ինքզինքը, գնաց կռթնեցավ պատին։ Րոպե մը սահմռկեցուցիչ լռություն մը տիրեց սրահին մեջ։
— Դո՛ւրս կորսվե,— մռլտաց ակռաներուն մեջեն։
Հավանաբար ընդունեի նույնիսկ այդ վերջին անարգանքը, եթե հանցավոր լակոտներեն մեկը անըմբռնելի անպատկառությամբ չբարձրանար ու կեղծավոր խոնարհությամբ մը չըսեր, հավանաբար առաջքը առնելու համար նոր քննության մը։
— Թույլ կուտա՞ք, պարոն, սուտ կխոսի։ Առաջին անգամը չէ որ Արշամին հետ պնակները կպարպեն...
Ոչ մեկ մարդկային ուժ կրնար կեցնել զիս։ Նստարաններուն վրայեն ցատկելով խոյացա վրան ու կռուփով, ոտքով