Jump to content

Էջ:White Varsenik.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արդարև այդ լակոտները կարգապահ ու բարեկիրթ աշակերտներ կհամարվեին, մինչդեռ մենք աղետ էինք, ինչպես կըսեին...

Արշամ դեռ խոսքը չէը վերջացուցած, երբ սպասարկողը լռությունը խզեց բարձրաձայն բողոքելով.

— Պարոն, երկու անգամ պնակները համրեցի, — կըսեր, խուզարկու աչքերով փնտրելով անհետացած ամանները։

— Ամեն մարդ կրնա սխալիլ,— ըսավ հսկիչը հայրաբար:

Բայց այդ ըսելով հանդերձ ծռեցավ ու նայեցավ սեղանին տակ։ Երբ ոտքի ելավ, բարի Ժպիտ մը կար պեխերուն ու մորուքին մեջ։

— Բաբկեն, տղաս,— ըսավ խոսքը ուղղելով ինձ,— գոնե պարապ պնակները ոտքերուդ առջև մի դներ, ակամա կկոտրես...

Վստահ եմ, որ շառագունեցա ամոթես ու զայրույթես։ Ամբողջ մարմնովս կդողայի, մինչդեռ հանցավորները անայլայլ կդիտեին զիս։ Ու ինձ թվեցավ թե՝ անոնցմե մեկուն աչքերուն մեջ նույնիսկ հեգնական ու գեշ հաճույք մը կնշուլեր: Հակառակ աքսորի անհամար արկածներուս՝ դեռ վարժված չէի մարդկային վատության։

— Բաբկեն, քեզի եմ,— գոռաց հսկիչը խստությամբ ու զգացի, թե կզայրանար,— գոնե պնակները սեղանին վրա դիր...

Դողդոջելով զայրոլյթես ու վշտես, որովհետև կսիրեի այդ դասախոսը, այլ անխոսուկ՝ ծռեցա, հավաքեցի պնակները։ Ամբողջ ուրախությունս մեկնած էր ու վրեժի ծրագիրներ կորոճայի այդ տղոց դեմ, երբ Արշամ ելավ ոտքի ու իր գոռ ձայնովը, բայց հանդարտությամբ ըսավ.

— Պարոն Տիրատուրյան, կներեք, բայց ո՛չ պնակները պարպողը, ո՛չ ալ զանոնք սեղանին տակ դնողը Բաբկենն էր...

— Տեղդ նստե,— սաստեց հսկիչը՝ զայրույթեն գունատ ու առանց հարցաքննելու,— ուրիշ անգամ, մի պատասխաներ։ Եթե ինք չէ հանցավորը՝ լեզու ունի, կրնա խոսիլ։ Նայե վրան անգամ մը, անմեղի կերպարանք ունի՞... Չխոսի՛ս, ծո՛,— հարեց դառնալով ինձ։

Չէի անդրադարձած, թե բարկութենես սկսած էի արտաս-