Jump to content

Էջ:White Varsenik.djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կարգապահության։ Ամեն անգամ, որ մարդիկ ստիպված ըլլան միասին աշխատիլ, միասին ճաշել, նույն ննջարանին մեջ քնանալ պարտավոր են հպատակիլ նախօրոք ընդունված կարգի ու սարքի մը։ Հետևաբար աշակերտի մը առաջին պարտականությունը դպրոցական օրենքին հնազանդիլն է։ Ամեն բանե առաջ հարկ է հնազանդիլ ու հետո բողոքել...

Բացահայտ էր, որ Արշամ ինձմե ավելի զգայուն էր այս փաստարկությանց։ Իսկ ես չէի կրնար ընդունիլ այդ հավիտենական օրենքը: Մանկութենե մերժած էի զայն։ Երիտասարդ նժույգի մը պես էի, որ երախակալ չընդունիր։ Քաղակրթությունը ա՞յս էր միթե, կըսեի մտովի, երախակալ մը։ Ու այժմ, որ գրի կառնեմ այս արկածալից օրվան դեպքերը՝ նոր մտքեր կխուժեն վրաս։ Ինչո՞ւ համար աքսորի չորս տարիներու ընթացքին այս խնդիրը երբեք չէր դրված։ Ամեն բան տեղի կունենար բնականորեն, տեսակ մը ինքնորեն ազատությամբ։

— Ոչ մեկ կազմակերպություն կարելի է,— շարունակեց ընդհանուր հսկիչը,— առանց կարգի ու օրենքի։ Ու եթե այս բոլոր ըսածներս մոռնաք իսկ, վաղը, կխնդրեմ որ այս մեկը միտք պահեք, մենք հայերս դարերե ի վեր կուրությամբ ու խոնարհությամբ ընդունած ենք օտարին օրենքը, կորաքամակ քալած ենք օտարին խարազանի հարվածներուն տակ, բայց երբ հարկ է եղած զգաստությամբ ընդունիլ մեր օրենքը՝ առյուծ դարձած ենք ու պոռալով մերժած ենք զայն...

Ձայնը մեկեն ուռեցավ, մեծցավ։ Աչքերուն մեջ խորին վիշտ մը կար։ Համառությամբ կդիտեր զիս, և ես զինաթափ աչքերս խոնարհեցի։ Զինադադարեն ի վեր առաջին անգամն էր, որ մեկը այդ անկեղծությամբ ու զորությամբ կխոսեր ինձ։ Ողջ էությունս կզգար զայն ու մարմինս ջերմի մեջ էր կարծես։

— Պետք է որ ուժեղ մարդիկ ըլլաք, պետք է որ սլաքի մը պես ուղիղ հառաջանաք։ Պետք է որ ձեր սերունդը, որ արյուն տեսավ, այս ազգին ճակատագիրը իր զորեղ ձեռքերուն մեջ առնե։ Պետք է որ անհրաժեշտ եղած ատենք՝ հնազանդիլ սորվիք, որպեսզի վաղը կարենաք հրամայել։ Պետք է որ օր մը, այս ազգը ոչ միայն չամչնա ձեզմե, այլև հպարտությամբ հիշե ձեզ։ Կլսե՞ս, Բաբկեն...