Jump to content

Էջ:White Varsenik.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նայելով աչքերուն մենք մանուկ չենք այլևս։ Արդար օրենքները կան ու կան նաև մնացյալները...

— Լեզուդ շատ երկար է,— ընդմիջեց զիս, նույն հուսահատական մեղմությամբ։— Այստեղ հայու դպրոց է ու զոհողության գնով հաստատված դպրոց։ Բազմաթիվ բաներ կան, որ ձեր տարիքը տղաքը պետք է հասկնան վերջապես։ Երբ ձեր կարգին ստիպված ըլլաք պատասխանատվություններ ունենալ պիտի ըմբռնեք, թե մարդիկ ղեկավարելը դյուրին չէ... Խելացի ու ընդունակ ըլլալը լի բավեր կյանքի մեջ...

Ձեռքը դրավ խոշոր բառարանի մը վրա, հետո օդին մեջ վերցուց զայն. գլանիկին մոխիրը թոթվեց ու նայեցավ աչքերուս։

— Տես,— ըսավ,— այս անշունչ բառարանը, անտարակույս քեզմե ու ինձմե շատ բան գիտե։ Բայց ինչ արժեք ունի գիտությունը՝ եթե մարդը շունչ չտա անոր: Ու մարդը նաև նկարագիր է, կամք է...

— Մարդը զգացումներ ալ ունի,— պատասխանեցի առանց հայացքս բարձրացնելու։— Ու արդարության ծարավը իր ամենեն ազնիվ զգացումներեն մեկն է...

Հոնքերը պռստեց ու ինձ թվեցավ, թե պաղարյունությունը պիտի կորսնցներ։ Սակայն, անաղմուկ բառարանը տեղը դրավ ու ծանր նայվածքով մը դիտեց զիս։ Աչքերը կփայլատակեին ու դեմքը խորին լրջություն մը ուներ։ Հակառակ հոգվույն անձկությանը՝ ուշադրությամբ կխուզարկեի զինքը։ Գիրգ ու աղվոր ձեռքեր ուներ, որ չէին հարմարեր, ըստ իս, իր զորեղ ու վճռական անձին։ Հագուստները ոչ միայն մաքուր էին ու նոր արդուկած, այլև բարեձև։ Ձայնը թավ էր ու հաճելի և արու ոլորումներ ուներ։

Ոչ միայն հաջողեցավ զսպել ինքզինքը, այլև վերագտավ իր պատկառազդու հանդարտությունը։ Կարծես անտարբերությամբ կխաղար ժամացույցին ոսկյա շղթային հետ, ազատ ձեռքով շարունակելով ծխել։

— Մտիկ ըրեք,— ըսավ գրեթե դաշն ձայնով մը,— նպատակս ձեզի գայլի ավետարան կարդալ չէ, այլ ջանալ կոչում ընել ձեր երիտասարդ ողջմտության, համոզել ձեզ՝ եթե կարելի է ատիկա։ Կարելի չէ, որ մարդիկ կարենան հավաքարար ապրիլ նույն հարկին տակ, առանց նվազագույն