Jump to content

Էջ:White Varsenik.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիրեր զայն ու քիչ մըն ալ հաճույք կզգար Արշամը գրգռելով:

— Ծո՛, փափուկ պարոն,— կըսեր Արշամ,— մտիկ ըրե որ բացատրեմ։ Երևակայե հայկական բարձրավանդակը գրի դյուտեն առաջ, հայ շինականներուն տգիտությունը, նախապաշարումները, որ համաճարակի պես կնստեին գյուղերուն վրա, ճիներու պես կարգիլեին ժողովրդին շնչառությունը պուկեն խեղդելով զայն ու այդ համատարած մութին մեջեն հանկարծ մարդ մը կելլե, վարդապետ մը...

Զարեհի ողջ անձը ուշադրություն էր ու սեր։ Կիսանդրին ծռած՝ խորին հաճույքով մը կլսեր զայն։

— Լուսավոր վարդապետ մը,— կորոտար Արշամ,— որ հսկա, զարմանալի ճրագով մը լուսավորեց հայոց մթին լեռներն ու ավանները, Սուրբ Մաշտոց,— կհարեր սիրահար ձայնով մը։ Երբ առանց իգական բառերու, առանց հարդարանքի, ծեքծեքումներ ու, մեկեն պոռալով.— բանաստեղծը կըսե «Մեսրոպ, հայ դարերուն դիմաց կեցող», չե՞ս զգար այս բոլորը, չե՞ս տեսնար անցյալ զարերն ու ապառնի դարերը։

Ապահովաբար Զարեհ չէր ուզեր զգալ, քանի որ աչքին ծայրովը կժպտեր ինձ ու կիսանդրին ավելի կծռեր։

— Ու երբ կըսեր «Դուն ադամանդյա ապառաժ», չես զգար, որ կուրծքդ կուռի հայոց լեռներուն բոլոր հովերեն։ Ահա՛ դարերը, կըսեր, իր երկար և ուժեղ բազուկը պարզելով ու ահա հայոց ադամանդյա լեռները։ Քանի մը բառի մեջ սեղմել տևողության անկորնչելի գաղափարը, հայկական բարձրավանդակին ու հայոց լեռներուն մշտնջենականությունը և անոնց դեմ հանդիման դնել լուսավոր վարդապետին կերպարանքը, քու Մեծարենցդ կրնա՞ դնել ասիկա...

— Արշամ,— կմրմնջեր Զարեհ իր անուշ ձայնովը, որ զինաթափ կըներ մյուսը,— Հայաստան չես եղած, ինչպե՞ս կըլլա, ոը կուրծքդ կուռի հայոց լեռներուն հովերեն...

— Ծո՛, օրիորդ Զարեհ,— կպատասխաներ մյուսը իրապես զայրանալով,— հայրս Կարին ուսուցիչ էր։ Կբավեր, որ դունչդ տնկեիր, որպեսզի Հայկական Պարի հովերը կոկորդդ լենային, կհասկնա՞ս։ Թեև չես գիտեր, թե ի՛նչ է Հայկական Պարը...

— Գիտեմ,— կըսեր Զարեհ, նույն քաղցր մեղմությամբ։

Երկուքն ալ կժպտեին ու կհաշտվեին այդ ժպտով իսկ: