Jump to content

Էջ:White Varsenik.djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անշուշտ այդ խեղճ տղան գրած էր ալիս ու կարծելով, թե հատուկ անուն է, գլխագիր խոշոր այրով մը` Ալիս: Թելեկրաֆի տիրեկը, վասնզի այդպես կկոչեինք զայն, իր գեշ ուրախութենեն չէր կրնար ոտքի վրա հանգիստ կենալ։ Ջայլամի իր երկար վզով ու երկար ոտքերով զանազան շարժումներ կըներ, իր տգեղ խնդուքովը լեցնելով սրահը։ Վերջապես հանդարտեցավ, պեխերն ու մորուքը ափովը շտկեց, հազաց ու խարդախ, շողոմ, իր ներքինիի սուր ձայնովը ըսավ.

— Ծո՛, աղվոր տղաս, կարծեցիր թե մանկապարտեզի օրիորդ Ալիսին մասի՞ն է խոսքը, աֆերիմ, կեցցե՛ս, շա՛տ ապրիս, խելացի մանչս, թե չէ ուրիշ Ալիս մըն ալ կա ձեր փողոցը...

Հավանաբար աշակերտներուն մեծ մասը նույն սխալն ըրած էր, քանի որ ատելությամբ կդիտեր զայն, բայց ան նույն գեշ ժպիտովը շարունակեց.

— Ինչպե՞ս է նայինք այդ Ալիսը, խարտյա՞շ է, թե թուխ...

Զայրույթես կդողայի։ Այդ սինլքոր Բարեկենդանի մունետիկը չէ՞ր կրնար միթե երկու բառով բնագիրը բացատրել նախ, ինչպես կըներ վերի դասարանին ուսուցիչը, հետո կարդալ դանդաղորեն ամբողջ ոտանավորը ու վերջը միայն ուղղագրել տար։ Մինչդեռ փոխանակ իր պարտականությունը կատարելու, կջանար տղաքը ծաղրի առնել։ Զսպանակե մը մղվածի պես ելա ոտքի ու բարկութենե դողդոջուն ձայնով մը ըսի.

— Հանցանքը ձերն է, եթե տղաքը բառը սխալ գրած են, ինչո՞ւ համար ոտանավորը չեք բացատրեր՝ կարդալե առաջ...

— Ծո՛ լակոտ,— ըսավ շչալով ու երեսին գույնը թափեցավ մեկեն,— ե՞ս եմ ուսուցիչը, թե դուն, կկարծես, որ քեզ- մե՞ դաս առնելու եկած եմ...

Ընկեըներուս դեմքերուն վրա հաղթանակի շողյուններ կային, իսկ իմ զայրույթս հետզհետե կմեծնար։

— Ուսուցիչը կրնաս դուն ըլլալ,— ըսի պոռալով, — բայց իրավունք չունիս տղաքը ծաղրելու։ Հեմ տե այստեղ,— շարունակեցի մեր բարբառովը, դառնալով ընկերներուս,— լակոտ չկա, ամա թելեկրաֆի տիրեկ մը կա քի: Չէ՞, ծե տղաք, թելեկրաֆի տիրեկ մը քի...

Անօրինակ աղմուկ մը փրթավ ողջ դասարանեն, մինչ այդ