— Մանրամասն պատմե տեսնեմ քաջագործությունդ...
Որոշած էի հավատարիմ մնալ մեր աշակերտական ավանդությանց։ Մեծերը կըսեին, թե դպրոցին մեջ խամազությունը արգիլված էր։ Ո՛չ իրավունք ունեինք բողոքելու ընկերոջ մը դեմ ուսուցիչի մը, ո՛չ ալ ուսուցչի մը դեմ տնօրենին, ո՛չ ալ որևէ մեկուն դեմ մեր ծնողքին։ Այժմ իսկ այս բոլոր ավանդությունները արդար կգտնեմ։ Տնօրենին կիյնար տնօրենություն ընել։ Ես չէի, որ, պարտավոր էի իր լրատուն ըլլալ։
Երբ համոզվեցավ, թե ոչ մեկ սպառնալիքով զիս պիտի կրնար խոսեցնել, առանց ձայնը բարձրացնելու ետ ղրկեց զիս։ Այժմ երկար է պատմել, թե ինչպես հայրս հաջողեցավ ճշմարտությունը երևան հանել ու ինծի բաժին ինկած պատիժը շռայլությամբ շնորհել ինձ։ Այս պատիժը սակայն զիս չղրկեց հաղթանակի դափնիներես, քանի որ հաջորդ օրն իսկ տարածվեցավ դպրոցին մեջ, թե թելեկրաֆի տիրեկը խիստ դիտողության արժանացած է, ի ներկայության իր պաշտոնակիցներուն։
Քուն չունիմ վերստին ու հոգին զեղուն է խորին գորովով մը։ Որոշած էի երբեք իր անունը չգրել այս տետրակին մեջ, բայց ատիկա կարելի՞ է միթե։ Զարթոնքի առաջին պահուն իսկ այդ անունը շրթներուս վրա կծաղկի, մանկան մը առաջին ժպիտին պես։ Արևին առաջին ճառագայթներուն մեջեն անոր քաղցր պատկերը կնշուլե ու ակնարկս կթրջի հուզումես։ Ողջ մարմինս կհիշե զայն, օրն ի բուն ու գիշերն ի բուն, կարծես թե կյանքն իսկ ըլլար։ Ինձ կթվի, թե բոլոր շարժումներս կախված են անկե ու արտասանած յուրաքանչյուր բառիս ետին անոր անունը կա։ Օրը շքեղ կթվի ինձ, որովհետև անոր հեռավոր գեղեցկոլթյունը կծածանի վրաս։ Գաղտնի մասունքի մը արևելյան չնաշխարհիկ բուրումներու տփիկի մը պես զայն կկրեմ վրաս, այս պատճառավ է որ ամեն ինչ վրաս լուսավորյալ կթվի, օծուն գարնան բույրերով։
Երբ առավոտը կարթննամ՝ շրթներուս վրա առաջին պահուն իսկ կգտնեմ սիրո երգի մը փշուրը։ Ու ամեն երգ ներբողելու համար է անոր շնորհն ու քաղցրությունը։ Ավազանին մեջ իր պատկերը կնշուլե։ Ու երբ երեկոյան, գիշերամուտի անաղմուկ պահերուն, արևը կկարժե իր կծիկը, վերջին