Էջ:White Varsenik.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անգամ մը ևս ոսկեզօծելե հետո ամեն իր, գիշերվան թավշյա քղանցքներուն շրշյունին մեջ կզգամ իր ներկայությունը։

Սիրով զարնված եմ ու սիրտս կբաբախե անօրինակ հաճույքով մը։

Դեկտեմբեր տասնըչորս

Ավելի հաճելի ժամեր կրնա՞ն գոյություն ունենալ միթե։ Կբավե որ ցրտին արև մը ծագի, որպեսզի մեկեն սերտողության սրահը զվարթանա։ Արփվույն հետին ճառագայթը չի կորսվիր։ Երբեմն գրքերս, ձեռքերս, հագուստներս, ամեն ինչ վերջապես օծված կըլլան երեկոյան ուրախ ջերմությամբ։ Պատեն կլսվի ժամացույցին միօրինակ աղմուկը։ Մերթ ընդ մերթ տղա մը կտեղափոխե իր ոտքերը, չնչին աղմուկ մը հանելով, ուրիշ մը մեղմորեն կհազար ու խորին հաճույքը հոս ըլլալու՝ վրաս կծածանի դրոյակի մը պես։

Եթե հոս մնամ, վստահ եմ, թե պիտի սիրեմ այդ հսկիչին խոժոռ ակնարկը, որ կհաջողի այս հանդարտ ու լուռ մթնոլորտը ստեղծել։ Երբեմն գրքին վրայեն կբարձրացնե աչքերը ու շրջանակի, խուզարկու, անդրդվելի ակնարկ մը կձգե տղոց վրա։ Հայնժամ ամեն ոք կծռի իր աշխատանքին վրա ու աշխատանքը հաճելի կթվի։ Ու մարդ չիմանար, թե ժամը ինչպես կվերջանա։ Բայց ավաղ զանգակը կհնչե միշտ: Ամեն անգամ, որ մարդ հաճույքով որևէ տեղ ուզե մնալ մեկնումի զանգակները անայլայլ կհնչեն միշտ։ Կթվի, թե այս է կյանքին օրենքը։

Ու հետո այլ պզտիկ հաճույքներ կան՝ կապված սերտողության։ Խոսիքը արգելված ըլլալուն՝ Արշամին, Զարեհին և իմ միջև մնայուն թղթակցություն մը կհաստատվի, թռուցիկ թղթի կտորներու վրա։ Երեկ երեկո խորասուզված էի ընթերցումիս խորը, երբ այդ թռուցիկներեն մեկը եկավ ինկավ բաց էջին վրա։ Զարեհին գիրն էր։

— Ո՞վ էր Եդիպոս թագավորը ու ի՞նչ ըսել է «Եդիպոս արքային մեղքը»,— կհարցներ Զարեհ։

Անորոշ կերպով կհիշեի, թե հունական պատմության հետ կապ պիտի ունենար, բայց կարելի չէր Զարեհին կիսակատար պատասխան մը տալ։ Հանկարծ գաղափար մը հղացա։ Ար-