Jump to content

Էջ:White Varsenik.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բաթ երեկոյան խաղաղությունը, քանի որ հոս ծնած ու մեծցած՝ իրենց ամբողջ կյանքը կազմված էր նման ընտանի ուրախություններով։ Ոսկերչի ընդարձակ խանութի մը առջև վայրկյան մը կեցան, բարևելով բարեկամ մը, որ կպատրաստվեր իրենց ընկերանալ։ Բարակ, դեղին, չոր մարդ մըն էր նորեկը, որ անմիջապես խոսքը ազգային խնդիրներ ու շուրջ դարձուց։ Աջ ձեռքը տաբատին գրպանը դրած, ձախով համրիչ մը կդարձներ ու կքալեր քիչ մը կքած, բարձր հասակին պատճառով։

— Պէ՛ ճանըմ,— ըսավ ճամբուն մեջտեղը կենալով,— աս քու միսյո Տեր-Սահակյանդ ալ, խաթերդ չմնա Հայրապետ աղա, ամեն տարի շեշիտ-շեշիտ բաներ մեջտեղ կհանե։ Աս քիմիաբանություն է, աս բանախոսություն է, աս երկրաբանություն է... ություն ըսե գնա՛։ Մեր վախեթը ատանկ ություններ չկային։ Տղաքը կչարչարվին կո, աղբար...

Հայրապետ աղա պեխերը շտկեց ու խնդաց։

— Մեր կնիկը ըսավ քի աղջիկդ Պոլիս դպրոց պըտը ղըրկես եղեր։ Մեր Աշխենին ալ խելքը դարձեր է, ամեն իրիկուն գլուխ կտանի կո, «երկրորդական կրթությունը անհրաժեշտ է» եղեր, սըվոր նայե հելե։ Է՛հ, Հայրապետ, քաղքին աս կիտիշին հեչ հավնած չունիմ։ Ղապահաթը քուկդ է, աղբար։ Ուսում, ուսում, կրթություն, կրթություն։ Աղջիկ-զավակ ըսածըդ կարգելու համար հեչ ալ ուսում պետք չունի։ Աչքը-իքվին տեղը, քիչ մըն ալ փարա հետը, կարգե՝ վեսսելամ: Ամա որի կըսես, գլուխնին առեր կերթան կո...

Զանի կառաջանային, այնքան փողոցներուն եռուզեռը կմեծնար։ Եկեղեցիին փողոցեն մանուկներու և ծերերու բազմություն մը շեն աղմուկով մը կհոսեր։ Ասդին անդին, պատերուն տակ մանուկները քարեգնդակ կխաղային։ Փոս-Աղբյուրին սրճարանները լեցուն էին արդեն։ Նպարավաճառի խանութի մը առջև հանդիպեցան «կապը կտրած հերկելեի» մը, Գող-Տոնիկի ընկերներեն, որ զիրենք կեցուց, բիրտ հարգանքով մը, ցույց տալով ուսեն կախված թարմ որսերը։

— Հայրապետ աղա, չիփթ մը թավշան ունիմ, անգամ մը նայե։ Մեկ քանի հատ ալ քեքլիկ կա...

Ոտքերեն բռնելով Հայրապետ աղա նապաստակները կըշռեց ու ժպտուն հարցուց.