— Երկուքին ի՞նչ կուզես կո...
— Չեյրեկ մը,— պատասխանեց մյուսը,— շատ չէ, Հայրապետ աղա, տահա տաք են...
— Հատե, ծե հայլազ,— ըսավ Հայըապետ աղա կատակով,— փարան սոխախը չենք գտներ կո յա՜...
— Չորս չենթեզ թո՛ղ ըլլա,— սակարկեց մյուսը։
— Աղե՛կ, հա տե տուն տար, ըսե քի վաղը առտվան համար փուռը տան...
Քսակը քակեց ու վճարեց։ Ու անգամ մըն ալ նայեցավ նապաստակներուն, որոնցմե մեկուն սիրուն գլուխեն արյան կայլակներ կկաթեին։
— Մարդուս մեղքնալը կուդա պե, կյուզելիմ հայվանները...
Երբ վերջապես սրճարան մտան՝ արևը փողոցեն քաշված էր արդեն։ Օղիի բարկ բուրում մը Միջոցը բռնած էր, աղանդերներու տաք հոտի մը հետ։ Մաքուր ու ճաշակավոր սեղաններու շուրջ հավաքված էին թաղին բարեկեցիկ ու հարուստ ազգայինները ու ընթրիքի երթալե առաջ տամա մը կամ թավլը մը կխաղային, միաժամանակ մեկ-քանի հատ օղի կոնծելով։ Ձայնագիր գործիք մը, որով հպարտ Էր սրճարանատերը, թրքերեն տրտում եղանակ մը կհեծկլտար, հայ երգչուհիի մը լուսավորչական ձայնովը։ Երգը մելամաղձոտ վանկերով կուլար, երգը հավիտենական սիրո ողբերգությունը կըսեր իր գռեհիկ բառերովը, երգը տաճիկ աղվոր հանըմի մը մարմնին պես՝ անուշ ու տաք էր։
|
Կարելի՞ էր միթե, ո՛չ։ Գարնան մահմետական թաղի փակ պատուհաններուն ետևեն ռեհանի աղու ու խռովիչ բուրումներ կզարնվեին անցորդներու երեսին։ Փակ դռներու ետևեն մարդ կլսեր արև չտեսած սպիտակ աղջիկներսւ ջինջ ու արծաթահունչ ձայներ։ Երբեմն լոկ թրքուհիներու հատուկ՝ շվայտ ու նվազուն իգութեամբ թրթռուն մարմիններ կանցնեին, սև ծառերու տակեն, մետաքսե վարշամակներու մեջ։
- ↑ Աչքս տեսավ, սիրտս սիրեց
Մի՞թե կարող եմ հրաժարվել։