Jump to content

Էջ:White Varsenik.djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Նորեն մի սկսիր,— ըսավ կշտամբանքով,— եթե այդքան սիրահարած ես, թող քեզի ըլլա, բայց գեթ քաջություն ունեցիր ըսելու...

— Ապուշ բաներ մի ըսեր կրկին,— ըսի դառնությունս զսպելով,— օր մը օրանց բառ մը չեմ ուղղած քու Արմինեիդ...

Կիլիկեցի Պետրոս ընդհատեց իր սույլը, հեգնությամբ դիտեց մեզ ու ակռաներուն մեջեն...

— Երկուքդ ալ չոնուխ եք,— ըսավ ծաղրով,— կկարծեք, որ այդ սպան պարապ տեղը որպես սպասուհի կպահե ձեր սքանչելի Արմինեն։ Մարդ պիտի չըլլաք, վեսսելամ...

Բնազդաբար երկուքս ալ ոտքի ելանք խայթվածի պես որ հետո մեքենաբար նստանք վերստին։ Կրնայի՞նք միթե կռվիլ մեր լավագույն ընկերոջ հետ՝ աղջկան մը համար։

— Մտիկ ըրե, Պետրոս,— ըսավ Արշամ,— եթե անգամ մըն ալ այդպես խոսիս՝ խոսք չեմ տար, թե ձեռքերս ծալած պիտի նստիմ...

— Ծո՛ իրավ ջոճուխ եք պե, ձեզի հետ մարդու պես խոսիլ կարելի չէ։ Կարծես թե քյոռ եք, անցած-դարձածը չեք տեսներ։ Ենթադրենք, թե Արմինեին մասին բան մը ըսիր բայց բոլոր մյուս սպասուհինե՞րը...

— Լռե՛,— գոռացի վշտես դողահար,— լռե՛...

— Աղե՛կ, աղե՛կ, կլռեմ,— մրթմրթաց ակռաներուն մեջեն։

Ուսերը թոթվեց, գլանիկը նետեց ու գնաց մյուսներուն հետ թուղթ խաղալու։ Որքա՛ն թեթև էր գիշերը այժմ ու հովը ի՜նչ անուշ։ Ու ինչո՞ւ ճիշտ այդ պահուն տղա մը սկսավ արաբական այդ սիրո մեղեդին։ Երկուքիս ալ սիրտը կոտրած էր, բայց լուսնկան կշարունակեր միշտ իր հանդարտ երթը ու աստղերը կշողշողային։

— Ավելորդ բառ մը կբավե մարդուս ամբողջ ուրախությունը խարապ ընելու համար,— ըսավ Արշամ։

Բայց կզգայի, թե անձկությունը ուրիշ էր։ Ո՛չ ես, ո՛չ ինք կհամարձակեինք խոսիլ: Մեր ընկերոջ խոսքերը պղտորած էին մեր արյունը։ Միայն ուշ գիշերին, երբ բոլորը քնացած էին, Արշամ մեղմորեն հծծեց բովես։

— Կկարծե՞ս որ Արմինեն ալ...