Jump to content

Էջ:White Varsenik.djvu/270

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

11

Դեկտեմբեր տասնըհինգ

Ուշ աշնան լույծ, սահուն գիշեր մըն էր, հեռուն, Բերիո մեջ։ Աստղերր այնքան շատ էին երկնից կողովին մեջ, որ երկվայրկյան առ երկվայրկյան, կթափեին վար, տանիքներուն ու ճամբաներուն վրա։ Օդը ծանր էր թեև, բայց անուշ հով մը կփչեը, գիշերվան խորունկեն, գգվելով մեր դեմքերը, սահելով մեր վրայեն։ Կռնակի վրա մարդ կրնար լուսցնել գիշերը՝ այնքան խորունկ էր ապրելու հրճվանքը, երկրին խորունկ բերկրության պատճառավ։ Մոտակա փողոցներեն քաղաքին աղմուկը կբարձրանար մեղմ թավալումներով, երբեմն գիշերվան հատակեն երգի մը դաշնությունը կելլեր ու ծվեն-ծվեն կկորսվեր միջոցին մեջ։ Օրվան խոնջենքը մեր անդամներուն մեջ բունի պես անուշ էր։

Ի՜նչ անկորնչելի է հիշատակներուն քաղցրությունը։ Արշամ կպնդե, թե հիշելը ծերություն է, թե այդ աստիճան հիշատակներով սնանիլը արգելք կըլլա կյանքը վայելելու։ Իսկ ինձ կթվի, թե անգյալը գարնանային մեր պարտեզին նման լի է ծառերով ու ծաղիկներով։ Կբավե, որ աչքերս փակեմ դիտելու համար Բերիո այդ աստղածորան գիշերը։ Աստղերը կարծես մեր վրա կթափեին ու լուսնկան անշարժ կհսկեր երկրին վրա։

Սիլիկեցի Պետրոսը ընկողմանած կծխեր, միաժամանակ իր շուկատ ձայնովը տխուր երգ մը սուլելով, երբ Արշամ լռությունը խդեց։

— Այսօր երկու անգամ Արմինեին աշխատած տանը առջևեն անցա, բայց չկրցա զինքը տեսնեք...

Իսկ ես քիչ մնաց, որ դառնությունս բարձրաձայն ըսեի։ Մինչ այդ միշտ միասին դեգերած էինք այդ տանը շուրջը։ Ինչո՞ւ մինակ գացած էր ու ինչո՞ւ գեթ փափկանկատությունը չուներ լռելու։ Բայց չէի կրնար դժգոհություն հայտնել, առանց մատնվելու։ Քանի որ միշտ պնդած էի, թե Արշամն էր լոկ սիրահարվողը։ Սակայն ոչինչ կրնար տրտմությունս փարատել։ Տղու գեշ տրտմություն մը, որ հրճվանքիդ վրա կիյնա մառախլապատ երկինքի մը պես։ Արշամ նստավ ու դիտեց զիս: