— Աղե՛կ, քանի որ չես հարցներ՝ ես ինքնիրենս կըսեմ։ Զարեհը մեզի հետ գալ կուզե: Խնամատարության գացի դիմում ընելու համար։ Գրասենյակն գրասենյակ ղրկեցին, բայց վերջապես հաջողեցավ։ Տնօրենը հեռախոսեց ընդհ. հսկիչին...
Նկատեցի, որ Զարեհ երկչոտությամբ մոտեցած էր։ Հայացքը կախած գետին՝ շփոթությունը ծածկելու համար մերկ ճյուղի մը հետ կխաղար։ Չէի հասկնար, թե ինչո՞ւ ինձմե գաղտնի որոշումը տված էին ու գաղտնի հարկ եղած դիմումները ըրած։ Ո՛չ մեկեն, ոչ ալ մյուսեն կսպասեի այդ ծածկամտությունը։ Այլ ջանացի դառնությունս ծածկել ու լռել։
— Նորեն շրթունքներուդ կղպանք դրած են,— հարեց Արշամ դժգոհությամբ։— Կարելի բան չէ, որ մյուսներուն պես մտածածդ պարզությամբ ըսես։ Ես ալ կկարծեի, թե ուրախ անակնկալ մը պիտի ընեի։
Կհիշեմ, որ համառությամբ մեկուն ու մյուսին դեմքերը խուզարկեցի։ Ու այդ պահուն էր, որ Զարեհ աչքերը բարձրացուց, նայեցավ ինձ, ու անկեղծ ձայնով մը ըսավ.
— Քեզի անակնկալ ընելու համար էր...
Անշուշտ կուզեի հավատալ իրենց, բայց սիրտս կոտրած էր արդեն։ Ու չէի գիտեր, թե ինչպես կարելի էր փակել այդ միջադեպը։ Վերադարձես ի վեր զորությամբ կզգայի, թե կյանքը արագորեն կփոխեր զիս։ Ոչինչ անարձագանք կմնար հոգուս խորը։ Է՛ն չնչին դառնությունն իսկ մառախուղի պես կծածաներ վրաս ու կխափաներ օրս։ Բարեբախտաբար, լռության խորեն հնչեց զանգակին ձայնը՝ զիս ազատելով նեղ վիճակե մը։
Ընթրիքի ընթացքին էր, որ հաջողեցա ամեն ինչ մոռնալ ու հեղակարծորեն ապշեցուցիչ կերպով հաճելի ջերմություն մը ողողեց ողջ մարմինս։ Ուրախութենես կուզեի բացականչել ու երգել։ Ու ինչպես միշտ նման պահերու կպատահեր անոր գորովալի հայացքը զգացի դեմքիս վրա։
— Ծո՛,— բողոքեց Արշամ,— քիչ մը շուրջդ նայե, տես թե տղաքը ինչպես կապրին։ Պատվելիի մը պես լուրջ ես ու հետդ կարելի չէ խնդալ։ Առաջ այդպես չէիր: Հետդ խոսելու համար ձեռնոց պետք է դնել...