քարե արձանի մը կվերածե զիս։ Երբեմն գորովես կուլամ, ես որ արտասվել չեմ գիտեր, վեպի մը էջերուն վրա։ Կբավե, որ սիրով տառապող էակի մը պատմությունը կարդամ, որպեսզի ողջ էությունս դողդոջե անոր նպատակով:
Ա՞յս է միթե սերը։ Այս անձկությունն ու խռովքը, որ արթուն կպահեն զիս, գիշերները, գլխահակ՝ այս էջերուն վրա։ Ու այս մրոտած էջերս որո՞ւ համար են իրապես։ Կվախնամ, որ քունիս մեջ արտասանեմ իր անունը, կվախնամ, որ խոշոր բառերով աղաղակեմ գորովս, ցույց տալով ընկերներուս այս ներքին անուշ տկարությունը։
Ու հիշատակները, որ ողջ օրը կխուժեն վրաս, այնքան բաբախուն են ու կենդանի, որ երբեմն ինձ կթվի, թե շուրջիններս պիտի նշմարեն զանոնք։ Վստահ եմ արդեն, որ Արշամ երբեք գոհ չէր եղած արտաքին անտարբերութենես։ Իր լռությունը մատնիչ է։ Մեր հոս ըլլալեն ի վեր՝ ոչ մեկ անգամ խոսքը ըրած է անոր, ինք որ այնքան խանդավառված էր առաջին օրերը ու բառ չէր գտներ գովելու համար անոր նուրբ ու միանգամայն շքեղ գեղեցկությունը։
Հաճախ ինձ կթվի, թե կարոտը կծեծե կուրծքիս վանդակը: Սիրտս կսեղմվի, գրեթե ցավառիթ պրկումով մը։ Կուզեմ որովայնի վրա պառկիլ ու իր անունը պոռալ։ Բայց կշարունակեմ խաղաղությամբ աշխատանքս կամ կշատախոսեմ Զարեհին հետ, ծածկելով հոգվույս վերքը։
Սիրակի հետմիջօրեի մըն էր։ Ինչպես միշտ մորեղբայրներս դուրս ելած էին, ձևի համար զիս ևս հրավիրելե հետո։ Հնազանդ հանըմը և Վերգինե մորաքույրս այցելության գացած էին միասին։ Կկարծեի, թե ան ևս մեկնած էր։ Նստած սովորական անկյունս՝ խորին երջանկությամբ մը կկարդայի Բյուզանդիոնի կազմված հավաքածո մը, զարմանալով, թե այդքան գորով կա հոգվույս խորը՝ հին թղթերու հանդեպ։ Տանը կատուն, բազմոցին անկյունը, ինքն իր վրա կծկված կմրմռար։
Որքա՜ն անուշ կթվեր հետմիջօրեն։ Դուրսը, այդ խեղդված պարտիզակին մեջ իսկ կյանքը զվարթ էր։ Հակառակ ցուրտին՝ արևին ճառագայթները շեն էին ապակիներուն վրա ու պատի ժամացույցը կշարունակեր իր միօրինակ եղանակը։ Ու առտվընե ի վեր մելանուշ երգ մը կար շրթանցս վրա։