Էջ:White Varsenik.djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Զայն կմրթմրթայի, ընթերցումս շարունակելով հանդերձ, երբ աչքերուս վրա զգացի երկու ձեռքեր։ Մեր քաղաքին սովորական խաղերես մեկն էր ատիկա։ Մեր ոտքերուն ծայրերուն վրա, կռնակեն, կարելի եղածին չափ անաղմուկ, կմոտենայինք բազմազբաղ ընկերոջ մը ու աչքերը կփակեինք։ Ու մինչև որ մեր անունը չտար՝ չէր ազատեր այդ սեղմումեն։ Պետք չունեցա անգամ երկար մտածելու՝ քանի որ ռունգերս անմիջապես զգացին իր բույրը ու ուսերս իր կուրծքերուն ծանրությունը։ Ձայնս կդողար գուցե նորազարթ գորովես, երբ անունը տվի, քանի որ աչքերը կխայտային երջանկութենեն ու ինձ թվեցավ, թե քիչ մնաց շարժում մը պիտի ըներ զիս համբուրելու հաժար։ Բայց ինքզինքը զսպեց ու դիմացս նստավ աթոռի մը վրա։ Դեմքը այնքան մաքուր էր, որ պատանուհիի մը արտահայտությունը կզգենուր։ Երբեք այդքան գեղեցիկ ու երիտասարդությամբ զվարթ չէի տեսած զինքը։ Բազուկները մերկ էին ու աշխատանքի գոգնոց մը կապած էր։ Իր ճոխ մազերը պահած էր բաց գույնի լաչակի մը տակ։ Համբուրելիորեն սիրուն էր այդպես։

— Պետք է որ մյուս սենյակը երթաս,— ըսավ չարաճճի ժպիտով մը,— մեծ մորդ խոստացա տախտակամածը լվալ, ապակիները սրբել, վերեն վար մաքրել այս սենյակը...

Ու ես, որ արդեն երջանիկ էի մեր առանձին հետմիջօրեին համար ու չէի սիրեր սովորական տեղես հեռանալ, իբր թե գեշ հայացքով մը դիտեցի զինքը ու որոշեցի ոչ մեկ գնով դուրս ելլել։

— Եթե կուզես՝ կեցիր,— հարեց հաշտությամբ,— բայց գիտցած ըլլաս փոշի պիտի հանեմ...

Ու գոլը ի՜նչ հաճելի էր սենյակին մեջ։ Արևի ճառագայթ մը հայելիի մը մեջ կխաղար։ Կատուն ծուլորեն ելավ ու մոտեցավ անոր, իր բրդոտ մարմինը քսելով անոը սրունքներուն։ Ես փորձեցի շարունակել ընթերցումս, բայց կարելի չէր, որ հայացքս խլեի իր սիրուն դեմքեն։

— Եթե բարի տղա ըլլաս,— մրմնջաց,— մյուս սենյակը կերթաս, շուտ մը աշխատանքս կվերջացնեմ ու երեկոյան դեմ պտույտ մը կընենք միասին...

Պտույտը անշուշտ կուզեի ընել, բայց չէի ուզեր մյուս սենյակը երթալ։ Ու փոխանակ ելլելու ավելի խորասուզվեցա