Էջ:White Varsenik.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կիներուն առհասարակ, բայց ոչ իր հագուստներուն։ Բայց՛ ասիկա չէի կրնար ըսել իրեն։ Ոչինչ իր վրա ուշադրության անարժան կթվեր ինձ։

Ոտքերս հավաքեցի բազմոցին վրա, որպեսզի իմ անկյունս ալ կարենար լվալ։ Հոգուս խորեն նվաստացած կզգայի ինքզինքս, կիրակի օրով, ըրած այդ տարապարհակ աշխատանքին համար, երբ երգը ընդմիջեց ու խնդրեց, որ քակված լաչակը կապեմ։ Մեղմորեն ծռեցա իր սիրուն պարանոցին վրա ու մեկեն շրթունքներուս վրա ծլեցավ համբույրի մը բողբոջը։ Բայց քաշվեցա ետ ու աչքերս խոնարհեցի։ Վստահ եմ թե այդ հետմիջօրեն պիտի հիշեմ միշտ։ Ինձ կթվեր, թե սրտիս բաբախյունը կլսեի ու արտասանած է՛ն սովորական բառերս խորհրդավոր քաղցրությամբ մը կհնչեին, քանի որ զանոնք կուղղեի իրեն։

— Մայրս արմոնիքա կնվագեր,— ըսի մեղմիվ,— ձմրան գիշերները։

— Ու շատ լավ կնվագեր,— հարեց գլուխը բարձրացնելով ու գորովով դիտելով զիս,— ես ալ գիտեմ նվագել։ Հայերեն երգեհոնիկ կըսեն...

— Իսկ երգեհոնը ո՞րն է հապա...

— Տեսած ըլլալու չես։ Կաթոլիկ եկեղեցիներուն մեջ կըլլա ընդհանրապես կամ ժողովարաններս։ Եթե ստեղնաշարներուն դպիս, խորունկ արձագանք մը կուտա... Ցավալի է, որ քաղաքը երաժշտության ինչ ըլլալը չէինք գիտեր։ Պարզ երաժշտական նախադասություն մը կարդալու ընդունակ տասը հոգի չկար ամբողջ քաղաքին մեջ...

Իսկ մեր բոլոր երգե՞րը,— ըսի անձկությամբ։

— Հիշողությամբ ու անճիշտ կսովրեինք։ Արդեն իրական բարձր երաժշտություն չունինք դեռ, բացի եկեղեցական ու կոմիտասյան երգերեն։ Իրական նվագը գործիական է, գործիքներով կնվագվի։ Դաշնակ, փող, եղջերափող, սրինգ, ջութակ, թավջութակ և այլն։

— Կհիշեմ, որ ատեն մը նվագախումբ մը կար...

— Երկար չտևեց։ Ղեկավարը իրական երաժշտագետ մը չէր։ Ու քաղաքին ջոջերը կծաղրեին խեղճ տղաքը։ Հորեղբայրդ, հայրդ կատաղի հետադիմականներ էին։ Քեզ վիրավո-