Jump to content

Էջ:White Varsenik.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րելու համար չեմ ըսեր,— ըսավ հանկարծորեն հուզված ու խոնարհությամբ մոտեցավ ինձ, նայեցավ աչքերուս։

— Գիտեմ,— ըսի, առանց ակնարկս պահելու,— ես ալ հետադիմական եմ։ Քաղաքին հին սովորությունները, մեր բարքերուն հավատարիմ մարզիկը կսիրեմ։ Պոլիս բոլոր դպրոց գացողները ապուշ հով մը ունեին իրենց վրա։ Ամբողջ գիտցածնին պիտիով խոսիլն էր...

Աշխատանքը ընդհատեց վայրկյան մը ու կրթնեցավ բազկաթոռի մը։

— Ես ալ քեզի չափ մեր քաղաքը կսիրեմ, առանց հետադիմական ըլլալու։ Հայրս ամեն տեղ առաջադիմության կողմնակից էր։ Երբ զիս առաջին անգամ Պոլիս ղրկեց՝ բոլոր մեր ազգականները տուն թափեցան տարհամոզելու համար զինքը։ Կարծես թե Բաբելոն կամ Սոդոմ-Գոմոր գացած ըլլայի: Ու հաջորդ ընտրությանը՝ զինքր հեռացուցին քաղաքական ժողովեն, հորեղբորդ դրդումով, որ քաղաքին է՛ն խելացի ու է՛ն հետադիմական մարդն էր։ Չես հիշեր, թե դրսեն եկած առաջնորդները, տնօրեններն ու ուսուցիչները ի՜նչպես կհալածեին։ Է՛ն երկար տոկացողը երկու տարիեն կփախեր։ Հայրդ ալ չէին սիրեր դրսեցիները...

Կզգայի, թե իրավունք ուներ, բայց չէի ուզեր ընդունիր հորս սխալը։ Անցյալին հավատարմությունը չէ՞ր բավեր մի՞թե արդարացնելու համար զայն։

— Առնվազն հինգ հարյուր ընտանիք կրնային երկրորդական ուսում տալ իրենց զավակներուն, բայց չէին ուզերր Կրնային նույնիսկ քաղաքին մեջ դյուրավ երկրորդական վարժարան մը հաստատել։ Հայրս կպատմեր, թե երիտասարդ Առաջնորդ մը, որ դժբախտությունը ունեցած էր այդ գաղափարը հղանալու, ստիպված եղած էր մեկնիլ։ Տասնհինգ օր հետո փապուճները ձեռքը տված էին, ինչպես կըսեին ծաղրով։ Կհանդուրժեին միայն տեղական ջոջ մտավորականներուն կամ ասոնց ծառայության մեջ եղող խելացի գրոցբրոցներուն։ Մարդոց, որ ձմրան գիշերները մինտերներուն վրա ծալապատիկ թրքական մենելլեն գոց կսովրեին...

Մեքենաբար սկսա օգնել իրեն՝ տեղափոխված կարասիները վերցնելով։ Ու օրը աներևակայելիորեն քաղցր կթվեր։ Կուզեի, որ ժամացույցը կենար, կուզեի, որ ան շարունակեր