Jump to content

Էջ:White Varsenik.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ինչպես մարդ մըն ալ որ ըլլամ, հեռավոր ապագային, հավատացած եմ, թե էությանս բուն հարստությունը անհեղլի պիտի մնա։ Ուսիս վրա կզգամ անցելույն անջնջելի կնիքը։ Հավատացած եմ, թե անոնցմե պիտի ըլլամ, որ ոչինչ կմոռնան։ Անցյալը շքեղ ապարանքի մը պես է, որուն միակ բանալին գրպանս կկրեմ։ Անցյալը իմ պարտեզս է։

Նախաճաշեն անմիջապես հետո, ծառի մը կռթնած կդիտեի հեռանկարը, երբ խոշոր քայլերով Արշամ մոտեցավ ինձ։ Իր գեշ օրերու դեմքը ուներ՝ հաստ, գրեթե կոպիտ։ Իր մսեղ բերնին շուրջ տհաճելի ծամածռություն մը այդ դեմքին կուտար դաժան արտահայտություն մը։ Զսպված բարկությամբ մը կեցավ քովս ու մռլտաց։

— Մեր մեկնումը հետաձգված է, առնվազն տասը-տասնհինգ օր։ Տեղավորման դժվարություններ կան եղեր, իբր թե...

— Ինչո՞ւ իբր թե,— ըսի մեղմորեն, առանց ծածկել ջանալու հեղակարծ ու անակնկալ հրճվանքս։

— Ուրեմն կհավատաս այդ բոլոր պատրվակներուն, էս ոչ,— հարեց խստությամբ։

Շրթունքներուն մեջեն սկսավ սուլել արաբական սիրո եղանակ մը, որ շատ կսիրեինք, ես և ինք, այն երազ օրերուն։ Ձգեցի որ դանդաղորեն խաղաղի, որ հոգվույն ալեկոծությոնը հանգչի։ Ու արդարև աստիճանաբար դեմքը կվերստանար իր բնական ու առողջ գեղեցկությունը։ Հետո բերնին ծամածռությունը անհետացավ։ Գլուխը դարձուց ինձ ու ժպտեցավ։

— Ծովով ճամփորդելու հաճույքին համար էր,— ըսավ խնդալով,— ու քանի մը օրվան ազատության։ Վանդակի մեջ բանտարկված գազանի մը պես եմ, ողջ քաղաքը նեղ գալ սկսած է։ Մարդ եթե երկար մտածե՝ կրնա աքսորի այդ գեշ օրերը սիրով հիշել։

Ճիշտ այդ վայրկյանին էր, որ Զարեհ վազելով եկավ զիս կանչելու համար։ Անօրինակ ուրախություն մը կար աչքերուն մեջ։

— Բաբկե՛ն, մորաքույրդ եկած է քեզ տեսնելու...

— Ծո՛, ձե՞ռք կառնես զիս,— ըսի դժգոհ,— այս ժամուն ի՛նչ մորաքույր...

Բայց ո՛չ, Զարեհ չէր կատակեր։ Մեկեն ուրախությունս փլավ կարծես։ Իրենց բոլոր հրավերներուն չէի պատասխանած ու