շրջագայեր գլխուս ու դեմքիս վրա։ Հոգիս մահու չխփ տրտում է այսօր։
Արդյոք ինչպես մարդ մը պիտի ըլլամ ապագային։ Գիտեմ, թե միշտ պիտի սիրեմ գրքերը։ Բայց այդ սերը կբավե՞ միթե հաղթելու համար կյանքին, ինչպես կըսե Արշամ։ Կուզեի արագությամբ երեսուն տարեկան ըլլալ վերջապես ճակատագիրս որոշելու համար։ Կուզեի գեթ անգամ մը մեր քաղաքը երթալ՝ վերագտնելու համար հայրենի տունս, մեր դաշտերն ու մեր ծովը։ Այս կարոտիս մեջ զարմանալի հույս մը կծվարի։ Ինձ կթվի, թե ընտանի վայրերու մեջ, պարտեզին արահետին կամ ապակեպատ սենյակին խորը՝ հանկարծ պիտի հանդիպիմ հորս հանդիսավոր հասակին կամ պզտիկ քրոջս գանգրահեր գլխուն, մորս ծունկերուն վրա։ Գիտեմ թե ապարդյուն, զուր, անտրամաբանական հույս մըն է ասիկա՝ բայց կրնա՞մ արգիլել, որ ամիսներե ի վեր ան բողբոջի հոգուս հետին անկյուններուն ու մարմնիս բոլոր բջիջներուն մեջ, ինչպես աստանդական բույսերու սերմերը, որ պատերու վրա իսկ կծլին, եթե զանոնք հալածես պարտեզներեն։ Ոչ մեկ ուժ զայն կրնա արմատախիլ ընել ինձմե։ Զարթոնքի առաջին ժամուն իսկ՝ ան ձայնիս մեջ է ու առաջին հրճվանքս անկե կուգա։ Ու վայրկյաններ կան, երբ այդ հույսը ոչ միայն կարելի, այլև ճակատագրական, անխուսափելի կթվի, կյանքի ուրիշ երևույթներու պես, որ չեն կրնար տեղի չունենալ։ Ինչպես գարունը, որ ուշ կամ կանուխ շքեղորեն կծագի, անոնց համար, որ երկրի վրա կհաջողին մնալ, ինչպես առավոտը, որ կհաջորդե բոլոր գիշերներուն, իր քաղցր լույսովը։ Ինձ կթվի, թե այդ հույսը պիտի մնա վրաս, մաս կազմելով մարմնիս ու թե երբեք, հեռավոր ապագային իսկ, հոգիս պիտի չուզե հրաժարիլ անոր անուշահամ՝ մանանայեն։ Կրնա՞ ըլլալ միթե, որ գարնան աստղածորան գիշերներուն, երբ զվարթ թռչուններ սկսին ճռվողել մեր ծառերուն վրա, երբ նորաբողբոջ տերևներուն զվարթությունը համակե ողջ պարտեզը, տանը խորեն չլսվի մորս աղու ձայնը։ Ինձ կթվի, թե ոչինչ իսպառ կկորսվի, քանի որ մեր մարմինը, արտակարգ կենդանությամբ մը, կրնա պահել կորուսյալ սիրելիներու պատկերը։ Մարմնիս խորը արթուն են բոլորը, ինչպես արթուն է անցյալը, բաբախուն է ու անկորնչելի։