Jump to content

Էջ:White Varsenik.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Քիչ մը ձգե,— հարեց ծառայություն մը խնդրելու պես,— քուն բնավ չունիմ այս գիշեր, ոչ ալ կարդալու փափագ։

Դեմքը ոչ միայն իր սովորական բերկրությունը չուներ, այլև աչքերուն խորը անորոշ անձկություն մը կար։ Իր հեշտասեր բերանը տառապագին կծկում մը ուներ։ Ճակտին վրա ինկած մազերուն խուրձը հաճելի մթություն մը կձգեր կիսադեմքին վրա։

— Կկարծե՞ս, որ բնական ըլլա այս կյանքը,— ըսավ մեղմիվ։— Երբ շատախոս լրագրողներ ու բարերարներ մեզ կնմանեցնեն արմատախիլ տունկերու՝ քթերնուն կխնդանք։ Բայց մեր ծիծաղը՝ մեր խորունկ ցավը ծածկելու համար է։ Արմատախիլ տունկեր,— կրկնեց գլուխը օրորելով,— ի՜նչ սարսափելի ու ճիշտ նմանություն։ Բայց այս երկու բառերեն ավելի սահմռկեցուցիչ գյուտ մը ըրած են վերջերս, մեր խլյակները, կըսեն ակնարկելով որբերուն ու այրիներուն։ Գութ ալ կա, արհամարհանք ալ կա այս բառին մեջ։ Կհիշեմ հայրս, որ հայերեն կավանդեր վարի կարգերուն մեջ ու տղոցը՝ հատկացուցիչ-ճատկացյալը բացատրելու համար՝ իր խոշոր ձայնովը կաղաղակեր՝ Սարգիսին կոշիկները, որո՞ւն կոշիկները, Սարգիսին։ Ծառին պտուղները, ի՞նչ բանին պտուղները, ծառին։ Փոթորիկեն զարնված նավուն խլյակները, ահա նախադասությունը, որ ժամե մը ի վեր մտքես չեմ կրնար խլել։ Խլյա՜կ,— կհարեր դառնությամբ։— Խլյակները այդ ապուշներն են, աղետին պատասխանատուները...

Առաջին անգամն էր, որ մեր վերադարձեն ի վեր, նման խոսակցություն մը տեղի կունենար մեր միջև։ Արշամին նախադասությունը ռումբի մը պես պայթեցավ վրաս ու մեկեն կարծես ամեն ինչ պայծառացավ։ Այո՛, այդ անտեղի, կպչուն, այդ արհամարհանքով խառն գթությունն էր անտարակույս, որ արյունս կպղտորեր ամիսներե ի վեր։ Աքսորի մեջ չէինք գիտեր, թե ի՛նչ է այդ գոյությունը, առողջ անասուններու պես կզորանայինք ու արաբներուն կամ թուրքերուն անտարբեր անգթությունը չէր վիրավորեր մեզ։ Ճակատաբաց ու բարձրագլուխ կանցնեինք քաղաքներեն ու գյուղերեն, մեր գդակները ծռած ու մեր զվարթ հոգիները մեր ափերուն մեջ։ Մեր արյունը կխայտար կյանքին շենութենեն։ Երբ պարտեզի